Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները
Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները
1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, ինչպես նաև դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին):
Երևան քաղաքում ամուսնության և ծննդյան գրանցումը կարող է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատում, իսկ մահվան գրանցումը Երևան քաղաքում կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող համապատասխան տարածքային մարմնում:
2. Օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգով:
3. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների հետ կապված գործունեությունը համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` կառավարության սահմանած կարգով։