Հոդված 13
Հոդված 13.
Փաստաբանների պալատի նախագահը
Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:
Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:
Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ:
Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:
Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:
Փաստաբանների պալատի նախագահը՝
1) ներկայացնում է փաստաբանների պալատը.
2) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.
3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.
4) բանկում բացում է փաստաբանների պալատի հաշվարկային և ոչ հաշվարկային հաշիվներ.
5) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.
6) նշանակում և ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողներին.
7) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.
8) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.
9) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.
10) դադարեցնում է մահացած փաստաբանի արտոնագրի գործողությունը և հանում է փաստաբանների ցուցակից.
11) տրամադրում է փաստաբանի և փաստաբանի օգնականի վկայականներ.
12) վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ.
13) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
14) փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է փաստաբանների պալատի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
15) իրականացնում է օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև փաստաբանների պալատի մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալներ` փաստաբանների կազմից: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը փոխարինում է փաստաբանների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:
Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է։
Փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ չպետք է խոչընդոտի փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների իրականացմանը։
(13-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)