Հոդված 39.3. Կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգը և փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը
Հոդված 39.3. Կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգը և փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում:
2. Նշված ժամկետում պալատի նախագահը կամ իր հանձնարարությամբ այլ անձ կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ և այլ նյութեր:
3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Կարգապահական վարույթ հարուցվելու օրվանից սույն մասով նախատեսված վաղեմության ժամկետը կասեցվում է:
4. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` հինգ օրվա ընթացքում, պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով կարգապահական գործն ուղարկում է սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձին, իսկ սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` փաստաբանների պալատի խորհրդին:
5. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին և փաստաբանին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
6. Հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, հաղորդվում է նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին: