Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-11-06-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Հոդված 36

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 36.

Արտոնագրի գործողության կասեցումը

(վերնագիրը խմբ.05.10.22 ՀՕ-366-Ն)

1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը՝

1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.

4) անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում.

5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

6) աշխատելու կամ ուսումնառության նպատակով երեք ամսից ավելի ժամանակով մեկնելու է արտասահման, եթե առկա են աշխատելու կամ ուսումնառության մասին վկայող փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով:

2. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է այդ հիմքերն ի հայտ գալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհրդին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը (բացառությամբ 6-րդ կետի) կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքն իրենց գործունեության ընթացում հայտնաբերում են փաստաբանների պալատի խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը կամ փաստաբանների պալատի նախագահը, ապա խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ կարգապահական հանձնաժողովի կամ փաստաբանների պալատի նախագահի միջնորդությամբ կարող է կասեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը:

5. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փաստաբանների պալատի խորհուրդը ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին:

6. Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման:

7. Արտոնագիրը կասեցված փաստաբանների պալատի անդամներն իրավունք չունեն մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, և այդպիսի անդամները հաշվի չեն առնվում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվորումը որոշելիս կամ փաստաբանների պալատի անդամների կողմից ժողովի հրավիրում պահանջելիս:

8. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր: Սույն մասով նախատեսված դիմումը փաստաբանը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել համապատասխան հիմքը վերանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

9. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

10. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:

(36-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 05.10.22 ՀՕ-366-Ն)

(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։