Հոդված 45.5. Փաստաբանական ակադեմիայի ղեկավարը
Հոդված 45.5. Փաստաբանական ակադեմիայի ղեկավարը
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարը, որին փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու փաստաբանական ակադեմիայի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ:
2. Փաստաբանական ակադեմիայի ղեկավարը՝
1) ղեկավարում է ուսման և փաստաբանների մասնագիտական վերապատրաստման գործընթացը.
2) կազմակերպում է կառավարման խորհրդի որոշումների կատարումը.
3) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանական ակադեմիայի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում փաստաբանական ակադեմիայի անունից.
4) ներկայացնում է փաստաբանական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
5) փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգերը և հաստիքացուցակը.
6) փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական ակադեմիայի ուսումնական ծրագրերը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
8) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով ունկնդրին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.
9) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(45.5-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)