Հոդված 38
Հոդված 38.
Արտոնագրի գործողության դադարեցումը
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.
2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.
3) առկա է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը.
4) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.
5) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով փաստաբանի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, փաստաբանին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.
6) նա փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու, ներառյալ՝ որակավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ.
7) փաստաբանի նկատմամբ որպես կարգապահական տույժ նշանակվել է փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցումը.
8) փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու հիմքերը վերանալուց հետո՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում, փաստաբանը դիմում չի ներկայացրել արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից հարգելի ճանաչված դեպքերի:
2. Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը` այն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու միջոցով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի 13-րդ կետով նախատեսված դեպքի:
3. Անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով արտոնագրի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար նախկին արտոնագրի գործողությունը դադարեցվելուց հետո՝ ցանկացած պահի:
5. Այլ պետության փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը չներկայացնելու պատճառները հարգելի են համարվում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը վերացնելու միջոցով՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
7. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կամ այդ որոշումը վերացնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
(38-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 21.01.20 ՀՕ-27-Ն, 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)