Հոդված 39.7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պալատի խորհրդի որոշումը
Հոդված 39.7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պալատի խորհրդի որոշումը
1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն փաստաբանը կատարել է մի քանի կարգապահական խախտում, պալատի խորհուրդը կայացնում է մեկ որոշում:
2. Պալատի խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:
3. Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է պալատի խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար:
4. Պալատի խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:
5. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո պալատի խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) փաստաբանին սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) կարգապահական վարույթը կարճելու մասին:
6. Կարգապահական խախտման փաստը ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենքի և վարքագծի կանոնագրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում, մեկնաբանվում են հօգուտ փաստաբանի:
7. Որոշումը կազմվում և կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո` քսան օրվա ընթացքում:
8. Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Պալատի խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:
9. Օրինական ուժի մեջ չմտած խորհրդի որոշման բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:
10. Պալատի խորհրդի որոշումներն ի կատար են ածվում օրինական ուժի մեջ մտնելուց հետո: