Հոդված 45.4. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը
Հոդված 45.4. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը
1. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է փաստաբանական դպրոցի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկողությունը:
2. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը կազմավորվում է փաստաբանների պալատի նախագահից և փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակված առնվազն չորս անդամից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկ ներկայացուցչից:
3. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի նախագահն է:
4. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը՝
1) հաստատում է ունկնդիրների ուսման վարձի չափը, դրա վճարման կարգը և փաստաբանական դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգերը և աշխատակազմի հաստիքացուցակը.
2) հաստատում է փաստաբանական դպրոցի տարեկան բյուջեն` փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ.
3) փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է փաստաբանական դպրոցի տնօրենի հաշվետվությունները.
4) փաստաբանների պալատի խորհրդի հաստատած ուղենիշներին համապատասխան՝ հաստատում է փաստաբանների վերապատրաստման և հավակնորդների ուսուցման ծրագրերը.
5) փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրի հեռացման հարցը.
6) անվավեր է ճանաչում, վերացնում կամ կասեցնում է փաստաբանական դպրոցի տնօրենի ընդունած անհատական կամ ներքին իրավական ակտերը.
7) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: