Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Միջպետական հաղորդագրությունները

1. Սույն արձանագրության Կողմ պետությունը կարող է, սույն հոդվածի համաձայն, ցանկացած ժամանակ հայտարարել, որ այն ճանաչում է Կոմիտեի՝ այնպիսի հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը, որոնցով Կողմ պետությունը պնդում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Սույն հոդվածով նախատեսված հաղորդագրությունները կարող են ստացվել և քննարկվել միայն այն դեպքում, երբ դրանք ներկայացվել են այնպիսի Կողմ պետության կողմից, որը հայտարարություն է արել Կոմիտեի իրավասությունն իր նկատմամբ ճանաչելու վերաբերյալ: Կոմիտեի կողմից ոչ մի հաղորդագրություն չպետք է ստացվի այն դեպքում, երբ այն վերաբերում է այդպիսի հայտարարություն չարած որևէ Կողմ պետության: Սույն հոդվածի համաձայն ստացված հաղորդագրությունները քննվում են հետևյալ ընթացակարգին համապատասխան.

ա) եթե սույն արձանագրության որևէ Կողմ պետություն համարում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները, ապա այն կարող է տվյալ հարցը գրավոր հաղորդագրությամբ ներկայացնել այդ Կողմ պետության ուշադրությանը: Կողմ պետությունը կարող է տվյալ հարցի մասին հայտնել նաև Կոմիտեին: Հաղորդագրությունն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ստացող պետությունը հաղորդագրությունն ուղարկող պետությանը ներկայացնում է բացատրություն կամ այլ գրավոր հայտարարություն՝ պարզաբանելով համապատասխան հարցը, որը հնարավորության ու վերաբերելիության սահմաններում պետք է ներառի հղում՝ տվյալ հարցի մասով ձեռնարկված, ակնկալվող կամ հասանելի ներպետական ընթացակարգերին և իրավական պաշտպանության միջոցներին,

բ) եթե ստացող պետության կողմից նախնական հաղորդագրությունն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, համապատասխան հարցը չի կարգավորվում տվյալ երկու Կողմ պետությունների համար ընդունելի տարբերակով, ապա պետություններից յուրաքանչյուրն իրավասու է հարցը փոխանցել Կոմիտեին՝ այդ մասին ծանուցելով Կոմիտեին և մյուս պետությանը,

գ) Կոմիտեն քննում է իրեն փոխանցված հարցը միայն այն բանից հետո, երբ հավաստիանում է, որ տվյալ հարցի մասով առկա բոլոր ներպետական իրավական պաշտպանության միջոցները վկայակոչվել են ու սպառվել: Այս սկզբունքը չի գործում այն դեպքերում, երբ այդպիսի իրավական պաշտպանության միջոցների կիրառումն անհարկի ձգձգվում է,

դ) պահպանելով սույն կետի «գ» ենթակետի դրույթները՝ Կոմիտեն հարցի բարեկամական լուծման նպատակով համապատասխան Կողմ պետություններին տրամադրում է իր աջակցությունը՝ Դաշնագրով սահմանված պարտավորությունների պահպանման հիմքով,

ե) սույն հոդվածով նախատեսված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն անցկացնում է դռնփակ նիստեր,

զ) սույն կետի «բ» ենթակետի համաձայն իրեն փոխանցված ցանկացած հարցի մասով Կոմիտեն կարող է «բ» ենթակետով նախատեսված համապատասխան Կողմ պետություններին ցանկացած վերաբերելի տեղեկություններ տրամադրելու կոչ անել,

է) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան Կողմ պետություններն իրավասու են ներկայացված լինել Կոմիտեի կողմից հարցի ուսումնասիրության ժամանակ ու բանավոր և (կամ) գրավոր հայտարարություններ անել,

ը) Կոմիտեն սույն կետի «բ» ենթակետով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից հետո իր համար նպատակահարմար եղանակով ներկայացնում է զեկույց հետևյալի մասին.

i) եթե լուծում է տրվում սույն կետի «դ» ենթակետով նախատեսված պայմաններին համապատասխան, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերի և տրված լուծման համառոտ շարադրանքով,

ii) եթե լուծում չի տրվում «դ» ենթակետով նախատեսված պայմաններին համապատասխան, ապա Կոմիտեն իր զեկույցում նշում է համապատասխան Կողմ պետությունների միջև ծագած հարցի մասով վերաբերելի փաստերը: Համապատասխան Կողմ պետությունների կողմից ներկայացված գրավոր հայտարարությունները և բանավոր հայտարարությունների արձանագրությունը կցվում են զեկույցին: Կոմիտեն կարող է նաև միայն համապատասխան Կողմ պետություններին հաղորդել այնպիսի կարծիքներ, որոնք այն կարող է վերաբերելի համարել նրանց միջև ծագած հարցի առնչությամբ:

Յուրաքանչյուր հարցի դեպքում զեկույցն ուղարկվում է համապատասխան Կողմ պետություններ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը Կողմ պետությունների կողմից ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա պատճենները փոխանցում է մյուս Կողմ պետություններին: Հայտարարությունը կարող է ցանկացած ժամանակ հետ վերցվել՝ այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին: Հայտարարությունը հետ վերցնելը չպետք է սահմանափակի այնպիսի հարցի ուսումնասիրությունը, որը սույն հոդվածի համաձայն արդեն իսկ փոխանցված հաղորդագրության առարկա է. հայտարարությունը հետ վերցնելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո սույն հոդվածի շրջանակներում որևէ Կողմ պետությունից որևէ լրացուցիչ հաղորդագրություն չի ստացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան Կողմ պետությունը նոր հայտարարություն է արել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։