Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
1) խտրականության բացառումը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության և անկախության նկատմամբ հարգանքը.
3) հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին լիարժեք և արդյունավետ մասնակցությունն ու ներգրավվածությունը.
4) հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի, նախապաշարումների վերացումը.
5) hաշմանդամություն ունեցող անձանց տարբեր լինելու նկատմամբ հարգանքը և նրանց՝ որպես մարդկային բազմազանության մաս ընդունելը.
6) hաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու և կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը.
7) հնարավորությունների հավասարությունը՝ անկախ հաշմանդամությունից, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները և ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու հնարավորություններ ունենալը.
8) հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև.
9) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիությունը և հասցեականությունը.
10) մատչելիությունը.
11) հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ հարգանքը և երեխայի լավագույն շահը.
12) հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատության նկատմամբ հարգանքը.
13) համագործակցությունը և սոցիալական գործընկերության ապահովումը, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների և աջակցող ցանցի մասնակցության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման գործընթացին՝ նրանց համար մատչելի եղանակով.
14) պետական և համայնքի բյուջեի միջոցներից կատարվող ֆինանսավորման համընդհանուր ներառականությունը, այդ թվում՝ պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների հնարավորին չափ համապատասխանությունը համընդհանուր դիզայնի սկզբունքներին: