Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-04-ից մինչև 2021-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2021-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն oրենքում oգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հաշմանդամություն՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության հետևանքով առաջացող երևույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը.

2) հաշմանդամություն ունեցող անձ՝ անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.

3) միջավայրային գործոններ՝ միջավայրի ֆիզիկական և սոցիալական գործոններ, որոնք ազդեցություն են թողնում անձի և կենսագործունեության բոլոր ոլորտներում նրա մասնակցության վրա.

ա. ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսևորումներով (այդ թվում՝ ֆիզիկական, տեղեկատվական և հաղորդակցական), բնակության և գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական և հասարակական կյանքը,

բ. սոցիալական միջավայր՝ անձին շրջապատող և նրա գոյության ու գործունեության հասարակական (այդ թվում՝ հասարակության վերաբերմունքը), տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր պայմանների ամբողջությունը.

4) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ անմատչելի ֆիզիկական միջավայրը, տեղեկատվական և հաղորդակցական խոչընդոտները, համապատասխան աջակցող միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը և խանգարում են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը և լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

5) սոցիալական ներառում՝ հասարակական կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը.

6) համընդհանուր դիզայն՝ ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության յուրաքանչյուր անձի համար առավելագույն չափով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը.

7) աջակցող միջոցներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոցներ» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք բժշկական միջամտությամբ փոխպատվաստված են կամ փոխարինողն են որևէ սարքի.

8) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան՝ իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը.

9) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.

10) մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցությունների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև հանրության համար բաց հաստատությունների և հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային և գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը և կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է.

11) խելամիտ հարմարեցում՝ անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի՝ մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն.

12) անկախ կյանք՝ միջավայրային և անհատական գործոնների, ծառայությունների ամբողջություն, որը հաշմանդամություն ունեցող անձին ընձեռում է իր առօրյա կյանքին վերաբերող որոշումները կայացնելու, բնակության վայրը ընտրելու, համայնքում ապրելու, բնակչության համար նախատեսված համայնքային ծառայություններից օգտվելու հնարավորություն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասար հիմունքներով.

13) անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է և իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը և (կամ) աջակցում (օգնում) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու).

14) հաշմանդամության հիմքով խտրականություն՝ իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ արդյունքը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և (կամ) ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը և (կամ) մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումն է: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաև խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը.

15) ծառայությունների անհատական ծրագիր՝ ըստ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։