Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-22-ից մինչև 2019-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԳՈՎԱԶԴԸ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ

Հոդված 17. Կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցումը

գործել է մինչև 2019-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 17. Կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցումը

1. Կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:

2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:

3. Սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում՝ սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

4. Եթե պարտադիր ներկայացման տեղեկատվությունն սպառողին պետք է հանձնվի բանկի տարածքում, ապա բանկը պարտավոր է առնվազն 3 տարի թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա պահպանել սպառողի կողմից չպահանջված տեղեկատվությունը:

5. Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձևեր և նվազագույն պահանջներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։