Հոդված 12. Պարտատիրոջը պահանջներ ներկայացնելու սպառողի իրավունքը
Հոդված 12. Պարտատիրոջը պահանջներ ներկայացնելու սպառողի իրավունքը
1. Սպառողն իրավունք ունի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև պայմանագրով սահմանված պահանջները ներկայացնելու անմիջապես կրեդիտավորողին այն դեպքում, երբ՝
1) ապրանքներ գնելու կամ ծառայություններ կամ աշխատանքներ ստանալու նպատակով սպառողը կրեդիտավորման պայմանագիր է կնքել մատակարար չհամարվող անձի հետ, և
2) մինչև սույն մասի 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը կրեդիտավորողի և մատակարարի միջև կնքվել է գրավոր պայմանագիր, որով կրեդիտավորողը համաձայնվել է տվյալ մատակարարի հաճախորդներին և կոնտրագենտներին տրամադրել կրեդիտ՝ տվյալ մատակարարից ապրանքներ գնելու կամ ծառայություններ կամ աշխատանքներ ստանալու նպատակով, կամ սպառողն ապրանքների կամ ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարելիս օգտագործել է կրեդիտավորողի տրամադրած վարկային քարտը, և
3) կրեդիտավորման պայմանագրով կամ այդ պայմանագրի հիման վրա տրամադրված կրեդիտի միջոցով գնված ապրանքները, ծառայությունները կամ աշխատանքները չեն ստացվել (մատուցվել) կամ մասնակի են ստացվել (մատուցվել) կամ չեն համապատասխանում օրենքով և (կամ) ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումն ապահովող գործարքով սահմանված պահանջներին, և
4) սպառողը բարեխղճորեն փորձել է օրենքով կամ պայմանագրով իրեն վերապահված իրավունքներն իրականացնել ու պահանջները ներկայացնել, սակայն մատակարարը օրենքով և պայմանագրով սահմանված կարգով և սահմաններում չի կատարել օրենքով կամ պայմանագրով սահմանված պարտավորությունները:
2. Եթե սպառողն իրավունք ունի ապրանքը վերադարձնելու մատակարարին և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով պահանջ է ներկայացնում կրեդիտավորողին, ապա վերջինս կարող է չընդունել ապրանքը, եթե՝
1) չի պահպանվել ապրանքի փաթեթավորումը, կամ
2) ապրանքն օգտագործվել է օրենքներով, այլ իրավական ակտերով կամ ապրանքն ուղեկցող փաստաթղթերով սահմանված պահանջների խախտմամբ: