Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2018-11-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 14. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2018-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 14. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։