Հոդված 247.6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 247.6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼԸ
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների միջնորդ դատարանների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հայաստանի Հանրապետությունում կատարման ենթակա միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի (այսուհետ` միջազգային արբիտրաժի) վճիռները կամ որոշումները (այսուհետ` որոշումները) նույնպես ենթակա են ճանաչման, եթե տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն`
1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության վերաքննիչ դատարանը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.
3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, որի իրավասության մեջ մտնող տարածքում պետք է կատարվի դատական ակտը, եթե վերջինս կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի դատարանը կամ միջնորդ դատարանը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.
4) Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտն առնչվում է տնտեսական վեճերի լուծմանը, և դա կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանը կամ միջնորդ դատարանը:
Եթե միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու համար տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան ենթակա են ճանաչման, ապա ճանաչման վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:
3. Ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավասությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության դատարաններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
4. Եթե օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու նպատակով անմիջականորեն հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության որևէ դատարան, ապա վերջինս պարտավոր է`
1) դրա ճանաչման վերաբերյալ որոշում կայացնել, եթե սույն հոդվածի 2-րդ կետի կանոններին համապատասխան` ինքն այդ հարցում իրավասու է.
2) օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը վերահասցեագրել սույն հոդվածի 2-րդ կետով իրավասու դատարան:
5. Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը եռօրյա ժամկետում ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` ուղարկելով որոշման պատճենը: