Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2019-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգն ու պայմանները

գործել է մինչև 2019-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգն ու պայմանները

1. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Ատեստավորումն անցկացվում է հարկադիր կատարողի անմիջական մասնակցությամբ:

4. Ատեստավորման ենթակա չեն`

1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

5. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

6. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկադիր կատարողի գործնական, մարդկային հատկանիշների մասին և ներառի ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:

Հարկադիր կատարողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկադիր կատարողի ատեստավորման արդյունքների վրա:

7. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է համապատասխան նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից՝ համապատասխան նախարարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է համապատասխան նախարարը:

8. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

2) ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Սույն մասի 2-րդ կետին համապատասխան՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի մասին ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:

9. Հարկադիր կատարողն ատեստավորման արդյունքներին ծանոթացվում է դրա անցկացման օրը: Հարկադիր կատարողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեստավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ մեկ օրվա ընթացքում:

10. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ատեստավորման օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում, ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողին:

11. Ատեստավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:

(13-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։