Հոդված 30. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 30. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Հարկադիր կատարողն իրավունք չունի`
1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
4) ստանալու հոնորար ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույք և ծառայողական տեղեկատվությունը.
6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
7) լինելու որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.
8) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցելու դրանց:
2. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հարկադիր կատարողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Հարկադիր կատարողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:
3. Հարկադիր կատարողին արգելվում է համատեղ ծառայելու մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Հարկադիր կատարողին չի տրվում իր` պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
(30-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-118-Ն)