Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:
Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը պահպանվում է:
7. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
(22-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)