Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:
Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը պահպանվում է:
7. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(22-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն, խմբ. 25.03.21 ՀՕ-132-Ն)