Հոդված 8. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
Հոդված 8. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)
1. Մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր և առաջատար խմբի պաշտոններում:
2. Հատուկ քննչական ծառայությունում գլխավոր և առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
3. Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու մասին տրվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
Մրցույթի հայտարարության ձևը հաստատում է հատուկ քննչական ծառայության պետը:
4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները:
5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Մրցույթն անցկացվում է մրցութային հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձևով` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
7. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
8. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:
10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մասնակիցը` իր արդյունքների մասով, կամ մրցութային հանձնաժողովի անդամը մեկ ժամվա ընթացքում այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հատուկ քննչական ծառայության պետին:
11. Մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում հատուկ քննչական ծառայության պետին, որը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
14. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է հատուկ քննչական ծառայության պետը, իսկ դրա աշխատակարգը հաստատում է Կառավարությունը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ 4-ը` պետական պաշտոն զբաղեցնող անձինք:
15. Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է հատուկ քննչական ծառայության պետը:
(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-312-Ն, 21.01.20 ՀՕ-23-Ն)