Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ԲՈԹՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 8. • Մասնավոր կյանք • Դրական պարտավորություններ • Անբավարար ապացույցներ առ այն, որ առողջապահության ոլորտը կարգավորող շրջանակում ի հայտ բերված թերությունները դարձել են դիմումատուի հաշմանդամության պատճառ կամ նպաստել են դրան • Պացիենտի իրազեկված համաձայնությունը ձեռք բերելու գործող իրավական շրջանակը թերի չէ • Դիմումատուին բժշկական անփութության վերաբերյալ հայց ներկայացնելու և հատուցում ստանալու հնարավորություն ընձեռող արդյունավետ ընթացակարգի հասանելիության բացակայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8 • Մասնավոր կյանք • Դրական պարտավորություններ • Անբավարար ապացույցներ առ այն, որ առողջապահության ոլորտը կարգավորող շրջանակում ի հայտ բերված թերությունները դարձել են դիմումատուի հաշմանդամության պատճառ կամ նպաստել են դրան • Պացիենտի իրազեկված համաձայնությունը ձեռք բերելու գործող իրավական շրջանակը թերի չէ • Դիմումատուին բժշկական անփութության վերաբերյալ հայց ներկայացնելու և հատուցում ստանալու հնարավորություն ընձեռող արդյունավետ ընթացակարգի հասանելիության բացակայություն

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

8 փետրվարի 2022 թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Բոթոյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],

Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Մարինա Բոթոյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Դատարան ներկայացված գանգատը,

Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2021 թվականի մարտի 11-ին և 2022 թվականի հունվարի 18-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործը վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներին այն մասին, որ պետությունը չի կատարել իր կարգավորող պարտականությունը, պետական հիվանդանոցում նրա բուժման ընթացքում առկա թերություններն առաջ են բերել բժշկական բնույթի բարդություններ, ինչի հետևանքով նա դարձել է հաշմանդամ, և նրան պատշաճ ձևով չեն իրազեկել այն բժշկական միջամտության ռիսկերի մասին, որին նա ենթարկվել է։ Այն նաև վերաբերում է նրա բողոքին այն մասին, որ չի գործել որևէ արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտար կրած վնասի համար ստանալու հատուցում։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1943 թվականին և ապրում է Արթիկում։ Նրան ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Ա. Մելքոնյանը և տկն Հ. Հարությունյանը, ինչպես նաև իրավական փորձագետ տկն Ա. Աղագյուլյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

I. Դիմումատուի վիրահատությունը եՎ դրա բարդությունները

5. 2008 թվականի փետրվարի 6-ին դիմումատուն ընկել է աստիճաններից և կոտրել ձախ ոտքը։

6. Նույն օրը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Արթիկի բժշկական կենտրոն՝ Շիրակի մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող պետական հիվանդանոց։

7. Ըստ դիմումատուի բժշկական քարտի՝ նա Արթիկի բժշկական կենտրոն է ընդունվել 2008 թվականի փետրվարի 6-ին, ժամը 22։30-ին։ Քարտում նաև նշվել է, որ դիմումատուն ընդունվել է վիրաբուժական բաժանմունք՝ ամբուլատոր բուժման համար, և ախտորոշվել է ձախ մեծ ոլորքի դիստալ հատվածի (ազդրոսկր) փակ բազմաբեկոր կոտրվածք՝ զգալի տեղաշարժով։

8. 2008 թվականի փետրվարի 7-ին բժիշկ Ա.Ա.-ն՝ Արթիկի բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբույժը վիրահատել է դիմումատուին։ Վիրահատությունն ուղեկցվել է նրա ոտքի հատվածում մետաղական իմպլանտների տեղադրմամբ՝ ոսկրի կոտրվածքը կայունացնելու համար։

9. Դիմումատուի բժշկական քարտում նաև նշվել է բժշկական միջամտության տեսակը, դրա ամսաթիվը և ժամը, ինչպես նաև կատարված անզգայացման տեսակը։ Համաձայն բժշկական քարտի՝ դիմումատուն տեղեկացվել է, որ նրա բուժումն իրականացվել է պետական առողջապահական համակարգի շրջանակներում։ Սա հաստատվել է քարտի համապատասխան հատվածում դրված նրա ստորագրությամբ։

10. Ըստ Կառավարության՝ մինչև վիրահատությունը դիմումատուն բանավոր իրազեկվել է հետևանքների մասին, մասնավորապես, որ նա կարողանալու է քայլել, սակայն ոչ այնպես, ինչպես նախկինում։ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն նաև իրազեկվել է, որ վիրահատությունը կատարվելու է անվճար՝ պետական առողջապահական համակարգի շրջանակներում։ Դիմումատուն մասամբ վիճարկել է այս փաստարկը՝ պնդելով, որ նրան միայն իրազեկել են վիրահատության ֆինանսական կողմի մասին, բայց ոչ բժշկական միջամտության հնարավոր ռիսկերի մասին։ Նրան նաև չեն տեղեկացրել օգտագործված մետաղական իմպլանտների ծագման մասին. նրան չեն խնդրել վճարել դրանց համար, և դրանք ձեռք չեն բերվել պետական առողջապահական համակարգի շրջանակներում։

11. 2008 թվականի մարտի 13-ին դիմումատուն դուրս է գրվել: Նրան չի տրամադրվել նրա առողջական վիճակի մասին վկայող որևէ բժշկական փաստաթուղթ։

12. Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմումատուն գտնվել է բժիշկ Ա.Ա.-ի վերահսկողության ներքո. նա մի քանի անգամ այցելել է նրան տանը, հետաքրքրվել է նրա վիճակով և անձամբ մշակել նրա վերքը։

13. Այդ ընթացքում դիմումատուի վերքը ախտահարվել է, նրա մոտ պարբերաբար առկա էր տենդ, և ոտքը սկսում էր ցավել։

14. 2008 թվականի մայիսի 26-ին դիմումատուին վիրահատել է բժիշկ Կ.Կ.-ն՝ Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի վնասվածքաբանը։ Վիրահատության ընթացքում նրա ոտքից հեռացվել են մետաղական իմպլանտները։ Դուրսգրումից հետո նա մեկ ամիս գտնվել է բժշկական վերահսկողության ներքո։

II. Դիմումատուի բողոքներն իշխանությԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

15. Հետագայում դիմումատուն բողոքագրեր է ուղարկել տարբեր պետական պաշտոնատար անձանց և մարմիններ, այդ թվում՝ Առողջապահության նախարարություն՝ պնդելով, որ բժիշկ Ա.Ա.-ն պատասխանատու է նրա առողջությանը հասցված վնասի համար։

16. 2009 թվականի հոկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում (այսուհետ՝ Առողջապահության վարչություն) խորհրդակցություն է անցկացվել Առողջապահության վարչության ղեկավարի և բաժնի ղեկավարի, Շիրակի մարզի գլխավոր օրթոպեդ և գլխավոր վիրաբույժ, բժիշկ Ա.Ա.-ի և Արթիկի բժշկական կենտրոնի ղեկավարի հետ։ Այդ խորհրդակցության արձանագրությունը ներառում է մասնակիցների անունները և ստորագրությունները, դիմումատուի կողմից Ազգային ժողով ուղարկված բողոքին հղումը և նրա հիվանդության պատմության համառոտ նկարագրությունը։

Այդ արձանագրության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«... 2008 թվականի փետրվարի 7-ին կատարվել է օսթեոսինթեզ՝ օրթոպեդիկ հարթակով և պտուտակով։ Վիրահատությունը կատարվել է ճշգրտորեն. ոսկորի կոտրվածքի ֆիքսումը կատարվել է պետական ստանդարտին համապատասխանող, ներդրվող մետաղական գործիքների օգտագործմամբ ... Ներկայումս պացիենտի մոտ առկա է սրունքաթաթային հոդի հետվնասվածքային դեֆորմացնող օսթեոարթրոզ ... Դեֆորմացնող օսթեոարթրոզը ներհոդային կոտրվածքի այս տեսակին բնորոշ բարդություն է ... և որևէ առնչություն չունի վիրահատության հետ ...»:

17. 2010 թվականի հունվարի 10-ին դիմումատուն, ունենալով «ազդրոսկրի կոտրվածքից հետո ձախ կոճի սուր կոնտրակտուրա՝ ստորին վերջույթների սահմանափակ շարժունակությամբ» ախտորոշում, ձեռք է բերել ցմահ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք։

18. 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Առողջապահության վարչությունը մեկ այլ խորհրդակցություն է անցկացրել նույն մասնակիցների հետ (տե՛ս վերևում 16-րդ պարբերությունը)՝ հղում կատարելով դիմումատուի կողմից Հայաստանի նախագահին ուղղված բողոքին։ Այդ խորհրդակցության արձանագրությունը բովանդակությամբ համանման է եղել 2009 թվականի հոկտեմբերի 12-ին անցկացված խորհրդակցության արձանագրությանը։

III. Քրեական գործ հարուցելու մասին դիմումատուի ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

19. 2013 թվականի դեկտեմբերի 17-ին դիմումատուն բժիշկ Ա.Ա.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել բժշկական անփութության դեպքի առթիվ, որի հետևանքով իր առողջությանը հասցվել է ծանր վնաս։

20. 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ոստիկանությունը հարուցել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (բժշկական անփութություն. տես ստորև 47-րդ պարբերությունը)։

21. Նույն օրը քննիչը նշանակել է դիմումատուի դատաբժշկական փորձաքննություն։

22. Քննության ընթացքում բժիշկ Ա.Ա.-ն հարցաքննվել է որպես վկա։ Նա նշել է մասնավորապես, որ նա Արթիկի բժշկական կենտրոնում որպես ընդհանուր վիրաբույժ է աշխատել 1998 թվականից։ Նա որակավորվել է որպես ընդհանուր վիրաբույժ և 2001 թվականին Առողջապահության նախարարության կողմից նրան թույլատրվել է աշխատել որպես ընդհանուր վիրաբույժ։ 2008 թվականի փետրվարի 7-ին նա վիրահատել է դիմումատուին. ոսկորի կոտրվածքները կայունացվել են մետաղական օրթոպեդիկ հարթակներով և պետական ստանդարտին համապատասխանող պտուտակներով։ Վիրաբուժական մշակման ընթացքում հայտնաբերվել է թարախակույտ, սակայն այն հեռացվել է, և դիմումատուն դուրս է գրվել լավ առողջական վիճակում։ Հիվանդանոցից դուրսգրումից հետո բժիշկը պարբերաբար այցելել է նրան և առաջարկել է վիրահատական ճանապարհով հեռացնել մետաղական իմպլանտները, սակայն նա հրաժարվել է՝ պնդելով, որ ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի մեկ այլ հիվանդանոցում։

23. Բժիշկ Կ.Կ.-ն ևս հարցաքննվել է որպես վկա և նշել է, inter alia (ի թիվս այլնի), որ թարախակույտի ի հայտ գալը հնարավոր, անցանկալի և հազվադեպ բարդություն է։ Այդպիսի բարդություն կարող է ի հայտ գալ բուժող բժշկի կամքից անկախ հանգամանքներում, սակայն անհրաժեշտ էր մինչև վիրահատությունն իրազեկել պացիենտին հնարավոր բարդությունների մասին և ապահովել, որ նա, այնուամենայնիվ, համաձայնություն տա միջամտությանը. գործելակարգ, որը պարտադիր է արտասահմանում և սկսել է Հայաստանում կիրառվել մի քանի տարի առաջ։

24. 2014 թվականի փետրվարի 21-ին դատաբժշկական փորձագետների խումբը հրապարակել է եզրակացությունը։ Համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«... [դիմումատուի] բժշկական հետազոտությունները, ախտորոշումները և բուժումն իրականացվել են ճշգրիտ և ժամանակին։

... Համաձայն ներկայացված բժշկական քարտերի՝ առաջին վիրահատությունը (օսթեոսինթեզ) կատարվել է ճշգրիտ, սակայն ավելի ուշ ի հայտ է եկել բարդություն վարակի ձևով, որի հետևանքով առաջացել է օստեոմիելիտ, որի պատճառն անհնար է ներկա պահին հստակ որոշել ...»:

25. Քննության ընթացքում Գ.Հ.-ն՝ փորձագիտական խմբի անդամը, հարցաքննվել է և նշել է, inter alia, որ օստեոմիելիտի ի հայտ գալուն կարող էին նպաստել մի շարք գործոններ. այդ իսկ պատճառով հնարավոր չէր եղել պարզել դրա կոնկրետ պատճառը։ Համաձայն բժշկական տվյալների՝ մետաղական իմպլանտները նույնպես կարող էին լինել հետագայում ի հայտ եկած վարակի պատճառ, որն էլ առաջացրել էր օստեոմիելիտը, քանի որ ամեն դեպքում դրանք օտար մարմիններ էին։

26. 2014 թվականի հունիսի 7-ին քննիչը որոշել է ավարտել վարույթը՝ բժիշկ Ա.Ա.-ի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Որոշման հիմքում ընկած են եղել, inter alia, 2014 թվականի փետրվարի 21-ի դատաբժշկական եզրակացությունը (տե՛ս վերևում 24-րդ պարբերությունը), 2009 թվականի հոկտեմբերի 12-ին և 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Առողջապահության վարչության կողմից անցկացված խորհրդակցությունների արձանագրությունները (տե՛ս վերևում 16-րդ և 18-րդ պարբերությունները) և դիմումատուի, բժիշկ Ա.Ա.-ի, բժիշկ Կ.Կ.-ի և այլ բժիշկների, այդ թվում՝ դատաբժշկական փորձագետ Գ.Հ.-ի ցուցմունքները (տե՛ս վերևում 22-րդ, 23-րդ և 25-րդ պարբերությունները):

IV. Դիմումատուի բողոքները

27. 2014 թվականի հունիսի 20-ին դիմումատուն քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին այն հիմքերով, որ, inter alia, քննության ընթացքում չեն պարզաբանվել մի քանի հարցեր, մասնավորապես՝ արդյոք բժիշկ Ա.Ա.-ն ունեցել է վիրահատություն կատարելու իրավասություն, որքան ժամանակ պետք է մետաղական իմպլանտները մնային դիմումատուի օրգանիզմում, բժիշկ Ա.Ա.-ի կողմից իմպլանտները վիրահատական ճանապարհով հեռացնելը չցանկանալու պատճառները, ինչպես նաև հետվիրահատական խնամքի տեսակը, որը նրան պետք է տրամադրվեր և ում կողմից։ Ավելին, նրան չէին իրազեկել հնարավոր բարդությունների մասին, որոնք կարող էին ի հայտ գալ վիրահատության հետևանքով։

28. 2014 թվականի հունիսի 30-ի որոշմամբ դատախազը մերժել է դիմումատուի բողոքը՝ գտնելով մասնավորապես, որ հաստատվել է, որ Ա.Ա.-ն որպես որակավորված բժիշկ ունեցել է տվյալ վիրահատությունը կատարելու իրավասություն և կատարել է այն ճշգրիտ։

29. 2014 թվականի օգոստոսի 25-ին դիմումատուն ներկայացրել է քննիչի և դատախազի՝ համապատասխանաբար 2014 թվականի հունիսի 7-ի և 30-ի որոշումները դատական կարգով վերանայելու դիմում (տես վերևում 26-րդ և 28-րդ պարբերությունները)։

30. 2014 թվականի նոյեմբերի 28-ին Շիրակի մարզի դատարանը (Մարզային դատարան) լիովին անփոփոխ է թողել քննչական մարմնի՝ բժիշկ Ա.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։

31. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա կրկնել է իր նախկին փաստարկները, այդ թվում՝ նրա բողոքներն այն մասին, որ նրան չեն տեղեկացրել այն բժշկական միջամտության ռիսկերի մասին, որին նա ենթարկվել է Արթիկի բժշկական կենտրոնում, և որ բժիշկ Ա.Ա.-ն որակավորված չի եղել կատարելու տվյալ վիրահատությունը։

32. 2015 թվականի փետրվարի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը, բեկանել է Մարզային դատարանի 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը (տե՛ս վերևում 30-րդ պարբերությունը) և գործի նյութերը վերադարձրել է դատախազություն։ Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«... ըստ քրեական գործով նյութերի, բժիշկ [Ա.Ա.-ն] որակավորված «ընդհանուր վիրաբույժ» է, սակայն «վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտի» մասնագետ չէ»։ Այլ կերպ ասած՝ [բժիշկ Ա.Ա.-ն] չի ունեցել «ձախ մեծ ոլորքի դիստալ հատվածի (ազդրոսկր) փակ բազմաբեկոր կոտրվածք՝ զգալի տեղաշարժով» ախտորոշմամբ անձին վիրահատելու իրավասություն։

... [դատաբժշկական] փորձագետները չեն իրազեկվել այն մասին, որ դուրսգրումից հետո [դիմումատուի] բուժումն իրականացրել է [բժիշկ Ա.Ա.-ն], որը պարբերաբար այցելել է պացիենտին. [բժիշկ Ա.Ա.-ի] մասնագիտացումը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել, հետևաբար փորձագետներն իրենց տրամադրության ներքո չեն ունեցել գործի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, և նրանց եզրակացությունը չի կարող համարվել ամբողջական և ճշգրիտ։ Հետևաբար անհրաժեշտ է շարունակել փորձագետներին լրացուցիչ հարցադրումներ կատարելը՝ վերոնշյալ հարցերը պարզաբանելու համար, և անհրաժեշտության դեպքում նշանակել բժշկական հանձնաժողովի կողմից լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության իրականացում։

Դատա[բժշկական] փորձաքննությամբ պետք է նաև պարզաբանվի այն հարցը, թե արդյոք ... բարդությունները և հաշմանդամությունը բժշկի կողմից իրականացված [վիրահատության և հետվիրահատական խնամքի] հետևանք են»:

V. Քննության վերսկսումը

33. 2015 թվականի մարտի 5-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է։

34. 2015 թվականի մարտի 30-ին նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։

35. Քննիչը բժիշկ Ա.Ա.-ին կրկին հարցաքննել է որպես վկա։ Նա նշել է մասնավորապես, որ դիմումատուի վիրահատության ընթացքում օգտագործված մետական իմպլանտները եղել են պետական ստանդարտին համապատասխան և ձեռք չեն բերվել Արթիկի բժշկական կենտրոնի կողմից։ 2007 թվականի որոշակի ժամանակահատվածում կոտրվածք ունեցող պացիենտը խորհրդատվության ընթացքում նրան տրամադրել է ներդրվող մետաղական գործիքները և նշել, որ դրանք կարող են օգտագործվել այլ պացիենտների վիրահատության համար։ Տվյալ մետաղական իմպլանտները, որոնք եղել են նոր և օգտագործման համար պիտանի, ախտահանումից հետո օգտագործվել են դիմումատուի վիրահատության ընթացքում։

36. 2015 թվականի հուլիսի 15-ին դատաբժշկական փորձագետների խումբը ներկայացրել է իր եզրակացությունը, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«... Համաձայն ներկայացված բժշկական քարտերի և ռենտգեն պատկերների՝ ... Արթիկի բժշկական կենտրոնում [դիմումատուի] հետազոտություններն իրականացվել են ժամանակին, և արդյունքում տրված ... ախտորոշումը ճիշտ է։ Նշված է [դիմումատուին] առաջարկված վիրահատական բուժումը, այսինքն՝ օսթեոսինթեզ՝ մետաղական հարթակներով և պտուտակներով, և, ըստ ռենտգեն պատկերների, ընդհանուր առմամբ կատարվել է ճշգրիտ ... Ինչ վերաբերում է հետվիրահատական շրջանում ի հայտ եկած բարդություններին, ... չբացառելով նույնիսկ որակավորված մասնագետի կողմից բժշկական օգնություն ցուցաբերելու դեպքում դրանց առաջացման հնարավորությունը ... հնարավոր չէ հստակ նշել Արթիկի բժշկական կենտրոնի անձնակազմի գործողությունների և տվյալ բարդությունների միջև ուղիղ պատճառահետևանքային կապի առկայությունը։

... հաշվի առնելով [Ա.Ա.-ի] նեղ մասնագիտացումը և վնասվածքաբան-օրթոպեդի բացակայությունը, հաշվի առնելով [դիմումատուի] վնասվածքի բնույթը, անհրաժեշտ էր նրան տեղափոխել վնասվածքաբանական-օրթոպեդիկ բաժանմունք ունեցող բժշկական հաստատություն՝ մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու համար։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ստացված վնասվածքի բնույթը, հնարավոր չէ հստակ կանխատեսումներ անել այն մասին, թե արդյոք այս դեպքում հնարավոր կլիներ խուսափել հետվիրահատական փուլում այդպիսի բարդությունների առաջացումից, թե՝ ոչ։

... հիմք ընդունելով ներկայացված բժշկական քարտերը և քրեական գործով նյութերը՝ հնարավոր չէ հանգել հստակ եզրակացության առ այն, որ [դիմումատուի] հետվիրահատական բարդությունները ... Արթիկի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի թերացումների, բացթողումների կամ սխալների հետևանք են։

... հաշվի առնելով [բժիշկ Ա.Ա.-ի] մասնագիտացումը և [դիմումատուի] վնասվածքի բնույթը՝ [բժիշկ Ա.Ա.-ն] պարտավոր էր ապահովել շտապ առաջին օգնության ձևով բժշկական օգնությունը (կոտրվածքի անշարժացում, անալգետիկների ներարկում ...)։ Ինչ վերաբերում է [դիմումատուին] ցուցաբերված մասնագիտական բուժմանը ..., ապա այն չի պատկանել [բժիշկ Ա.Ա.-ի] մասնագիտական որակավորումների շրջանակին, և վնասվածքաբան-օրթոպեդի կողմից դրա իրականացումը կարող էր ավելի նպատակահարմար լինել։ Արթիկի բժշկական կենտրոնում որակավորված վնասվածքաբան-օրթոպեդ չհանդիսացող վիրաբույժի կողմից բժշկական օգնության այս տեսակի ցուցաբերումը կազմակերպական թերացում է, որը, սակայն, ինչպես նշվել է վերևում, այս դեպքում ուղղակիորեն կապված չէ բարդությունների առաջացման հետ ...»:

37. Ի պատասխան քննիչի կողմից ավելի վաղ կատարված հարցման, Առողջապահության նախարարությունը 2015 թվականի օգոստոսի 14-ի գրությամբ նշել է մասնավորապես հետևյալը.

«... ներկա դրությամբ գոյություն չունեն միասնական իրավական ակտեր, որոնցով սահմանվում են բուժման ծրագիրը և առողջապահական հաստատությունների բուժանձնակազմի, մասնավորապես՝ վիրաբույժի և վնասվածքաբանի իրավունքներն ու պարտականությունները։ Մշակվում է Առողջապահության նախարարի՝ ընդհանուր վիրաբուժական ծառայությունների կազմակերպումը սահմանելու մասին հրամանի նախագիծ»։

VI. ՔննությՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ եՎ դիմումատուի բողոքները

38. 2015 թվականի սեպտեմբերի 18-ին քննիչը որոշում է կայացրել ավարտելու քրեական գործով վարույթը՝ հիմք ընդունելով, inter alia, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ու բժիշկ Ա.Ա.-ի լրացուցիչ ցուցմունքը (տե՛ս վերևում 35-րդ և 36-րդ պարբերությունները)։ Քննիչի որոշման մեջ նշվել է, ի թիվս այլնի, որ քննության ընթացքում Առողջապահության նախարարությունը նշել է, որ գոյություն չունեն բուժանձնակազմի, մասնավորապես՝ վիրաբույժների և վնասվածքաբանների գործունեությունը կարգավորող իրավական ակտեր (տե՛ս վերևում 37-րդ պարբերությունը)։ Ավելին, համաձայն Շիրակի մարզպետարանի կողմից տրամադրված տեղեկությունների՝ դիմումատուի վիրահատության ընթացքում օգտագործված մետաղական իմպլանտները ձեռք չեն բերվել Արթիկի բժշկական կենտրոնի կողմից։ 2008 թվականին չի գործել որևէ իրավական դրույթ, որով մասնավորեցվել է, թե արդյոք մետաղական իմպլանտների ձեռքբերման համար պատասխանատվություն է կրում պացիենտը, թե՝ բժշկական հաստատությունը։ Հետևաբար չի կարելի եզրակացնել, որ բժիշկ Ա.Ա.-ն պատասխանատվություն է կրում որևէ ապօրինի գործողության համար։

39. Դիմումատուն քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին՝ պնդելով մասնավորապես, որ չի պարզաբանվել այն հարցը, թե բժիշկ Ա.Ա.-ն իրավունք ունեցել է օգտագործելու դիմումատուի վիրահատությունից մոտ մեկ տարի առաջ մեկ այլ պացիենտի կողմից նրան վերադարձված մետաղական իմպլանտները, արդյոք այդ մետաղական իմպլանտները եղել են պետության կողմից հաստատված ստանդարտին համապատասխան և օգտագործման համար պիտանի, և արդյոք եղել է կապ բժիշկ Ա.Ա.-ի գործողությունների և նրա մոտ ի հայտ եկած բարդությունների միջև։ Բողոքը մերժվել է 2015 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ, որում նշվել է մասնավորապես, որ քննության ընթացքում պարզվել է, որ մասնագիտությամբ բժիշկ Ա.Ա.-ն իրավունք է ունեցել կատարելու վիրահատությունը, որ դիմումատուի ախտորոշումը եղել է ճիշտ, և որ առաջարկված վիրահատությունը համապատասխանել է նրա ախտորոշմանը։

40. Դիմումատուն դատարան բողոք է ներկայացրել քննիչի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ, որը դատախազի կողմից անփոփոխ էր թողնվել 2015 թվականի հոկտեմբերի 15-ին։

41. 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Մարզային դատարանն անփոփոխ է թողել քննություն իրականացնող մարմնի՝ այն հիմքով քրեական գործով վարույթն ավարտելու մասին որոշումը, որ քննության ընթացքում չի հաստատվել բժիշկ Ա.Ա.-ի գործողությունների և դիմումատուի առողջությանը պատճառված վնասի միջև ուղիղ պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այդ նպատակով Մարզային դատարանը հիմք է ընդունել 2015 թվականի հուլիսի 15-ի դատաբժշկական եզրակացությունը (տե՛ս վերևում 36-րդ պարբերությունը)։

42. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա ներկայացրել է նույն փաստարկները, ինչ նախկինում։

43. 2016 թվականի փետրվարի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ գտնելով մասնավորապես, որ որևէ կապ չի հաստատվել դիմումատուի հետվիրահատական բարդությունների և այն փաստի միջև, որ նրան վիրահատել է որակավորված վնասվածքաբան-օրթոպեդ չհամարվող վիրաբույժը, ինչը, ինչպես հաստատվել է, եղել է հիվանդանոցի կողմից կազմակերպական թերացում։ Ինչ վերաբերում է հիվանդանոցի կամ դիմումատուի կողմից ձեռք չբերված մետաղական իմպլանտների օգտագործմանը, ապա Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Արթիկի բժշկական կենտրոնի հայտարարությունը, համաձայն որի՝ համապատասխան ժամանակահատվածում գոյություն չի ունեցել որևէ գործող իրավական դրույթ, որում մասնավորեցվում է, թե մետաղական իմպլանտների ձեռքբերման համար պատասխանատվություն կրում է պացիենտը, թե՝ բժշկական հաստատությունը։

44. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք: Նա կրկին նշել է իր նախկին փաստարկները բժիշկ Ա.Ա.-ի կողմից ցուցաբերված անփութության, վերջինիս կողմից համապատասխան որակավորումներ չունենալու և վիրահատության ու դրա հնարավոր բարդությունների մասին տեղեկություններ իրեն չտրամադրելու վերաբերյալ։ Դիմումատուն պահանջել է Վճռաբեկ դատարանից պարզել, inter alia, թե արդյոք տվյալ ժամանակահատվածում համապատասխան պետական կարգավորումների բացակայությունը կարող է մեկնաբանվել հօգուտ այն բուժող բժշկի, որը գործել է իր որակավորումների շրջանակից դուրս։

45. Դիմումատուի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2016 թվականի մայիսի 4-ի որոշմամբ անընդունելի է ճանաչվել հիմքերի բացակայության պատճառով։ Ներպետական վարույթի շրջանակներում դիմումատուի ներկայացուցիչն այդ որոշումն ստացել է 2016 թվականի հուլիսի 14 –ին։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

I. Համապատասխան ներպետական իրավունքը եՎ պրակտիկան

Ա. Բժշկական անփութության համար պատասխանատվությունը և հատուցում ստանալու իրավունքը

46. Հայաստանի իրավունքում չեն սահմանվում բժշկական անփութության համար նախատեսված քաղաքացիական կամ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ կոնկրետ կանոններ և սկզբունքներ։ Իրավունքի մեջ չի սահմանվում «բժշկական սխալ» կամ «բժշկական անփութություն» հասկացությունը։ Գոյություն չունեն մասնագիտացված կարգապահական մարմիններ, որոնք իրավասու են ուսումնասիրելու բժշկական անփութության դեպքերը։ Բժշկական անփութության համար նախատեսված պատասխանատվության և հատուցում ստանալու իրավունքի վերաբերյալ դրույթները կարելի է գտնել Քրեական օրենսգրքում, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և Քաղաքացիական օրենսգրքում։

1. Քրեական օրենսգիրք

47. Բժշկական անփութությունը համարվում է քրեական իրավախախտում՝ համաձայն Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, որով սահմանվում է, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

2. «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք

48. 1996 թվականի մարտի 4-ին ընդունված «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Բժշկական օգնության մասին օրենք) համապատասխան դրույթներով նախատեսվում է հետևյալը.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։