Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության լրիվ վերացման հիմքով քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը դադարեցնելը
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով արարքի հանցավորության լրիվ վերացման հիմքով քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը դադարեցնելը
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնել դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումն այն անձանց նկատմամբ, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում, և որոնց նկատմամբ դատավճիռը կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով և օրինական ուժի մեջ է մտել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։
2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում հոգեբուժական կազմակերպությունը քննարկում է անձի ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերի առկայությունը՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված կարգով: