Հոդված 71. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակների դեպքում
Հոդված 71. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակների դեպքում
1. Տարերային աղետների, ուղղիչ հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև դատապարտյալների զանգվածային անհնազանդության, ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ուղղիչ հիմնարկում կարող է սահմանվել արտակարգ իրավիճակի կանոնակարգ։
2. Արտակարգ իրավիճակի կանոնակարգը սահմանում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը՝ մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում արտակարգ իրավիճակի կանոնակարգի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը։
3. Արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի և հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների դադարեցման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձևով: Ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու դեպքում ուղղիչ հիմնարկի գործունեության առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Դատապարտյալի, ուղղիչ հիմնարկի վարչակազմի և այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ուղղիչ հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին:
5. Արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին: