Հոդված 130. Մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետները
Հոդված 130. Մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետները
1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը`
ա) ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում.
բ) ապրանքները և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցները արտահանելիս` արտահանմանը նախորդող տասն օրվա ընթացքում:
2. Դատարկ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը ներկայացվում է`
ա) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս` ներմուծման պահից երեք ժամվա ընթացքում.
բ) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս` արտահանումից երեք ժամ առաջ:
3. Ֆիզիկական անձինք, մաքսային սահմանը հատելիս, իրենց կողմից տեղափոխվող ուղեկցվող բեռի մաքսային հայտարարագիրը ներկայացնում են ուղեկցվող բեռը մաքսային մարմինների հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ` մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:
4. Հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար oրենքով սահմանված տույժերից և վարչական պատասխանատվությունից ազատելու համար:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
(130-րդ հոդվածը լրաց. 16.09.09 ՀՕ-178-Ն)