Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը
Հոդված 37. «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետադարձ արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:
2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.
բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին և դրանց անձնակազմին պատկանող ապրանքների և տրանսպորտային միջոցների.
գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.
դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված.
ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների այլ փոփոխությունները: