Հոդված 26. Օրենքի 41-րդ հոդվածում՝
Հոդված 26. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասում՝
ա. 11-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն կետի իմաստով՝ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-20-րդ կետերով.
«18) օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար.
19) անձանց, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ.
20) տուժողներին, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա:».
2) 6-րդ մասում՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) եթե չեն հիմնավորվում սույն հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետով նախատեսված անվճարունակության չափանիշները.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) եթե դիմողի պահանջներն ակնհայտ անհիմն են.
5) եթե անձը նույն հարցով, որի վերաբերյալ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, իրավաբանական օգնություն է ստանում այլ փաստաբանից:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-15-րդ մասերով.
«8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս անձը ներկայացնում է գրավոր հայտարարագիր նույն մասով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ՝ նախազգուշացվելով դրա առնչությամբ քրեական պատասխանատվության մասին: Սույն մասով նախատեսված հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը:
9. Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը, հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները, կարող է կազմակերպել նաև՝
1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում.
2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմած փաստաբանների միջոցով.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների և փաստաբանական ակադեմիայի կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաների ուսանողների (ունկնդիրների) օժանդակության միջոցով:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, այդ ցուցակը վարելու, հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների վարձատրության և նրանց կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման դիմաց վճարումները կատարվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված միջոցների և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
11. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու, այդ նպատակով դիմած անձանց ցուցակը վարելու, նրանց գործեր փոխանցելու կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:
12. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների ցուցակները վարում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակներում ներառված անձանց անվճար կամ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով գործ կարող է հանձնել միայն այդ անձանց համաձայնությամբ:
13. Հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացին փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները ներգրավվում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից համատեղ սահմանած կարգին համապատասխան, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության և հանրային պաշտպանի գրասենյակի փոխհամաձայնությամբ:
14. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից փոխանցվող գործերի ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նախորդ տարվա ընթացքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի 30 տոկոսը:
15. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է հսկողություն իրականացնել սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում այլ անձանց կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթացի նկատմամբ՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:»: