Հոդված 41. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 41. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Փաստաբանների պալատի և դրա մարմինների, փաստաբանների պալատի նախագահի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և փաստաբանական դպրոցի իրավական ակտերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, համապատասխանեցվում են սույն օրենքին:
3. Սույն օրենքով սահմանված փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը և որակավորման հանձնաժողովը ձևավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում, սույն օրենքին համապատասխան:
4. Փաստաբանների պալատի խորհրդի գործող անդամները և նախագահը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման սահմանված ժամկետի ավարտը:
5. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարում են սույն հոդվածին համապատասխան փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նոր կազմի ձևավորման պահից: Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստող անձանց լիազորությունները դադարում են մինչև փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձևավորումը հարուցված կարգապահական բոլոր վարույթները ավարտվելու պահից:
6. Սույն օրենքով սահմանված` փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի և որակավորման հանձնաժողովի գործառույթներից ու լիազորություններից բխող դրույթները համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածին համապատասխան փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի և որակավորման հանձնաժողովի ձևավորման պահից:
7. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներում փաստաբանների պալատի ընդհանուր ժողով չհրավիրվելու կամ չկայանալու դեպքում այդ ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
8. Մինչև փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձևավորումը հարուցված կարգապահական վարույթները իրականացվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
9. Սույն օրենքով սահմանված փաստաբանների որակավորման կարգը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման և հանձնման նկատմամբ:
10. Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է անկախ աուդիտ իրականացնող անձի հետ կնքված գործող պայմանագիրը լուծվելուց հետո:
11. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված կարգավորումները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
12. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, 2-րդ կետի և 3-րդ կետով նախատեսվող՝ Օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. հոկտեմբերի 26
Երևան
ՀՕ-366-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: