Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ռազմական նշանակության արտադրանք՝ զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության գույք, ռազմական աշխատանքներ և ծառայություններ, ռազմակրթական, ռազմատեխնիկական կամ ռազմակիրառական գիտական կամ ռազմական նշանակության համար կիրառվող տեղեկատվություն և մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).
2) զենք՝ սարք կամ առարկա, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային և դեկորատիվ նշանակություն.
3) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին (ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով) տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված հրաձգային զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, հարվածային մեխանիզմը և փակաղակը.
4) ակոսափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր.
5) ողորկափող հրազեն՝ հրազեն, որն ունի ողորկ անցուղով փող կամ փողեր, այդ թվում՝ 140 մմ-ից ոչ ավելի երկարություն ունեցող ակոսավոր մասով.
6) սառը զենք՝ կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.
7) նետողական զենք՝ (ներառյալ աղեղներ՝ 27 կգ/ուժ-ից բարձր ձգողության ուժ ունեցող, և արբալետներ՝ 43 կգ/ուժ-ից բարձր ձգողության ուժ ունեցող) սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.
8) օդաճնշիչ զենք՝ սարք, որը նախատեսված է սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին նետվող հարմարանքին նպատակաուղղված շարժում հաղորդելու միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.
9) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր և նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն.
10) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց (հրապատիճ), նետողական լիցք (վառոդ) և նետվող հարմարանք (գնդակ, կոտորակ և այլն).
11) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առևտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում և դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, պահում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում և արտահանում), տարանցիկ փոխադրում և առևտրի միջնորդական գործունեություն.
12) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.
13) զենքով պարգևատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.
14) զենքի պարագաներ՝ զենքի կոթը, նշանոցը, պահեստատուփը, մաքրման հարմարանքները, բոցամարիչի և փողաբերանի արգելակի փողհատուցիչի տեսակները կամ այն լրասարքը, որը նախագծված կամ հարմարեցված է զենքը պահելու, տեղադրելու, փոխադրելու կամ զենքին կցելու, ամրացնելու միջոցով օպտիկական, գիշերային կամ ջերմատեսիլ սարքի միջոցով զենքի նշանառության հնարավորությունները բարելավելու համար: Զենքի պարագա է համարվում նաև զենքի ցանկացած այլ լրասարք, որը չի համարվում զենքի հիմնական բաղկացուցիչ մաս կամ չի փոխարինում դրան.
15) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու և կրելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության վայրում, զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձի զենք պահելու զետեղարանում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.
16) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենք տեղափոխել չհամարվող արարքը և զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում կամ գրպանում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված և դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.
17) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, ապահովիչ դետալը փակ, առանձնացված կամ դատարկ (առանց փամփուշտի) պահեստատուփով, ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, նետողական զենքի դեպքում՝ փաթեթավորված և անձի վրա չամրացված վիճակում, իսկ նետվող հարմարանքը պետք է լինի առանձնացված.
18) ուսումնական զենք՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար պիտանի: Ուսումնական զենք կարող է հանդիսանալ նաև մալած զենքը.
19) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը կամ այլ դետալները փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.
20) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձևավորում, որի դեպքում զենքի հիմնական բաղկացուցիչ մասերը և մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.
21) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որը կարող է ունենալ սիրողական, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակություն.
22) մալած զենք՝ կրակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.
23) գազային զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտները կամ փչող (ցրող) սարք, որը նախատեսված է կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.
24) գազային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը և Կառավարության սահմանած՝ օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար.
25) լուսաձայնային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը) և լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.
26) ուսումնական փամփուշտ՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից և բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին և կառուցվածքին համապատասխան, և որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը, կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկվող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինեն տարբերակիչ սեղմվածքներ․
27) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կամ ազդանշանային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար, և որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, և որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան, կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմերից, թղթից) փոխարինողը.
28) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.
29) պայթեցման սարք՝ հատուկ պատրաստված և որոշակի պայմաններում պայթելու ունակ ցանկացած սարք.
30) ազդանշանային զենք՝ սարք, որը նախատեսված է անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար.
31) ազդանշանային փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և նետվող լիցքը՝ լուսային, ձայնային կամ ծխային ազդանշան տալու համար, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.
32) վառոդ՝ տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության՝ առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի՝ ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը.
33) էլեկտրահարող զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ ատրճանակի նմանվող սարք, կայծային պարպիչ և այլ կրովի սարք, որոնք նախատեսված են էլեկտրահարության միջոցով կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.
34) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն՝ կարճափող զենք և անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի, վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում ստացած արկի միջոցով տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար.
35) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և վնասվածքային գործողության նետվող առարկան.
36) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են զենք օգտագործելու կամ գործադրելու հետ կապված գործառույթներ.
37) պետական ռազմականացված կազմակերպություններ՝Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, պետական սուրհանդակային ծառայություն.
38) հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից վերցված (հայտնաբերված) ակոսափող հրազեններից կրակված պարկուճների, գնդակների և հետքեր ունեցող փամփուշտների, Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող ակոսափող զենքի (մինչև 12,7 մմ տրամաչափի), ինչպես նաև առգրավված, հայտնաբերված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված) զենքերի ձգաբանական հետազոտման ենթարկված և նմուշառված գնդակների, պարկուճների հավաքածու, որտեղ հաշվառումն իրականացվում է բնօրինակներով և էլեկտրոնային եղանակով.
39) քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.
40) զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մոդելների ցանկի հրապարակային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.
41) համապատասխանության գնահատում՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից համապատասխանության հավաստման գործունեության իրականացում, որի արդյունքով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող քաղաքացիական և ծառայողական զենքի, փամփուշտների և հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.
42) համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ), որը հավաստում է արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին․
43) հրաձգարան` իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ և փակ:
(2-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-606-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-475-Ն, 13.07.23 ՀՕ-268-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-34-Ն)
(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)