Հոդված 31. Զենքի հաշվառումը
Հոդված 31. Զենքի հաշվառումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց՝ ձգաբանական արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնելով, որի գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
2. (մասն ուժը կորցրել է 13.07.23 ՀՕ-268-Ն)
3. Ակոսափող զենքը վաճառելու, նվիրելու, ժառանգելու դեպքում ստուգման նպատակով կրակելու համար այն ներկայացվում է փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված ուղեգրի համաձայն, որից հետո տրվում է համապատասխան տեղեկանք՝ զենքի հաշվառման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում հաշվառվող տեղեկությունները անձնական տվյալներ են, որոնք մշակվում են առանց տվյալների սուբյեկտի համաձայնության` օրենքով սահմանված կարգով: Որպես սահմանափակ շրջանառության օբյեկտ` արգելվում է զենքի հաշվառման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը այլ անձի կամ այլ մարմինների, բացառությամբ`
1) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի.
2) քրեական հետապնդում իրականացնող մարմինների` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.
3) համայնքային ոստիկանության` սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով.
4) անչափահասների գործերով և ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողների՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ կատարելու նպատակով.
5) նոտարական մարմինների՝ նոտարական գործարքներ կատարելու նպատակով․
6) դատական մարմինների՝ դատաքննության անհրաժեշտությունից ելնելով․
7) լիազոր մարմնի ֆինանսական ծառայության` պետական տուրքերի վճարման մասով.
8) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանը մշտադիտարկման նպատակով այլ մարմինների չի տրամադրվում:
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատասխանատու ծառայողը քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում տվյալները սխալ, թերի կամ այլ խախտումներով մուտքագրելու համար ենթակա է պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված կարգով:
8. Չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացվելուց և օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենքը հաշվառում և տրամադրում է քաղաքացուն՝ համապատասխան թույլտվությամբ:
9. Անհատական համար և դրոշմ չունեցող, ինչպես նաև ինքնաշեն կամ ապօրինի ձևափոխված քաղաքացիական զենքերը հաշվառման ենթակա չեն և օրենքով սահմանված կարգով ենթակա են առգրավելու, վերցնելու և ոչնչացնելու:
10. Իրավաբանական անձը զենք պահելու զետեղարանի գտնվելու վայրի հասցեն, իսկ քաղաքացին զենքն իր մշտական բնակության վայրից տեղափոխելիս, եթե գերազանցելու է 10 օրը, ապա տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ զետեղարանը կամ զենքը նոր հասցեում հաշվառելու համար:
11. Իրավաբանական անձինք ապահովում են իրենց զենքի և փամփուշտների հաշվառումը:
12. Տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ զենքը (այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքը ու կայծային պարպիչները, մինչև 27 կգ/ուժ (ներառյալ) ձգողության ուժ ունեցող աղեղները, մինչև 43 կգ/ուժ (ներառյալ) ձգողության ուժ ունեցող արբալետները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները հաշվառման ենթակա չեն, և դրանք վաճառելու իրավունք ունեն միայն քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
(31-րդ հոդվածը փոփ. 13.07.23 ՀՕ-268-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.01.24 ՀՕ-34-Ն, խմբ. 12.04.24 ՀՕ-178-Ն)
(13.07.23 ՀՕ-268-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)