Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-27-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) զենք՝ սարք կամ առարկա, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար։ Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, ազդանշանային սարքերը, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային և դեկորատիվ նշանակություն.

2) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին (ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով) տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը, ձգանահարվածային մեխանիզմը.

3) սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված առարկա.

4) նետողական զենք՝ մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.

5) օդաճնշիչ զենք՝ սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին շարժում ստացող՝ նետվող հարմարանքի միջոցով նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.

6) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր և նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն: Ռազմամթերքը կարող է լինել քաղաքացիական, ծառայողական կամ ռազմական նշանակության: Քաղաքացիական և ծառայողական զենքի հետ օգտագործվում է քաղաքացիական և ծառայողական նշանակության, իսկ մարտական զենքի հետ՝ ռազմական նշանակության ռազմամթերք.

7) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց (հրապատիճ), նետողական լիցք (վառոդ) և նետվող հարմարանք (գնդակ, կոտորակ և այլն).

8) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առևտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում և դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում և արտահանում).

9) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.

10) զենքով պարգևատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.

11) զենքի պարագաներ՝ զենքի կոթը, նշանոցը, պահեստատուփը, մաքրման հարմարանքները, կրակմարիչի կամ զենքի փողի արգելակի փոխհատուցիչի տեսակները կամ այն լրասարքը, որը նախագծված կամ հարմարեցված է հրազենը պահելու, տեղադրելու, փոխադրելու կամ հրազենին կցելու, ամրացնելու միջոցով օպտիկական գիշերային կամ ջերմային պատկերիչի միջոցով զենքի նշանառության հնարավորությունները բարելավելու համար: Սույն օրենքի իմաստով՝ զենքի պարագա է համարվում նաև զենքի ցանկացած այլ լրասարք, որը չի համարվում զենքի հիմնական բաղկացուցիչ մաս կամ չի փոխարինում դրան.

12) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու և կրելու կամ զենք պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության, իսկ իրավաբանական անձի գտնվելու վայրում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.

13) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված և դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.

14) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս հրազենի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, առանձնացված պահեստատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, նետողական զենքի դեպքում՝ փաթեթավորված և անձի վրա չամրացված վիճակում, իսկ նետվող հարմարանքը պետք է լինի առանձնացված.

15) ուսումնական զենք՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի.

16) համապատասխանության գնահատում՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից համապատասխանության հավաստման գործունեության իրականացում, որի արդյունքով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

17) համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

18) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխությունը, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում․

19) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձևավորում, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում․

20) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որը կարող է ունենալ ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակություն.

21) զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

22) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ.

23) գազային զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտները կամ փչող (ցրող) սարք՝ նախատեսված կենդանի նշանակետին ժամանակավորապես վնասազերծելու համար.

24) մալած զենք՝ կրակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.

25) գազային փամփուշտ՝ գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը և Կառավարության սահմանած՝ օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

26) լուսաձայնային փամփուշտ՝ հրազենից, գազային զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը) և լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.

27) ուսումնական փամփուշտ՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից և բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին և կառուցվածքին համապատասխան, և որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը, կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկվող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինի տարբերակիչ գծատիպ օղակաձև սեղմվածք.

28) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար, և որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, և որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան, կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմեր, թուղթ) փոխարինողը.

29) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.

30) պայթեցման սարք՝ հատուկ պատրաստված և որոշակի պայմաններում պայթելու ունակ ցանկացած սարք.

31) ազդանշանային սարք՝ համասարք, որը նախատեսված է անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար․

32) ազդանշանային փամփուշտ՝ հրազենից կամ ազդանշանային սարքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և նետվող լիցքը՝ լուսային, ձայնային կամ ծխային ազդանշան տալու համար, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.

33) վառոդ՝ տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության՝ առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման։ Վառոդի՝ ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը․

34) էլեկտրահարող սարք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ ատրճանակի նմանվող սարք, կայծային պարպիչ և այլ կրովի էլեկտրահարող սարք, որոնք նախատեսված են կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.

35) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն` կարճափող զենք և անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի, վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում ստացած արկի միջոցով տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար.

36) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը և վնասվածքային գործողության նետվող առարկան, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

37) պետական ռազմականացված կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, պետական սուրհանդակային ծառայություն․

38) ռազմամարզական կազմակերպություն՝ օրենքով նախատեսված իր կանոնադրական նպատակների շրջանակում ռազմամարզական գործառույթներ իրականացնող հասարակական կազմակերպություն․

39) հրաձգարան` իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ և փակ:

(2-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-606-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-475-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։