Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ

Հոդված 35. Հրաձգարանում զենքի և ռազմամթերքի տրամադրումը և օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Հրաձգարանում զենքի և ռազմամթերքի տրամադրումը և օգտագործումը

1. Հրաձգարանում զենք և փամփուշտ վարձակալությամբ տալու իրավունք ունի հրաձգարանի աշխատակիցը (այսուհետ՝ զենքը տվող (տված) անձ)՝ հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար:

2. Հրաձգարանում զենքը և փամփուշտը տրվում են 16 տարին լրացած անձի (այսուհետ՝ զենքը ստացող (ստացած) անձ)՝ վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Զենքն ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները գրանցվում և հաշվառվում են զենքը տվող անձի կողմից վարվող համապատասխան մատյանում:

3. Մինչև հրաձգարանում զենք և փամփուշտ ստանալը զենքն ստացող անձին հրաձգության հրահանգիչը պետք է հրահանգի ու ծանոթացնի զենքի և փամփուշտի օգտագործման ու դրանց հետ վարվելու անվտանգության կանոններին և հրաձգարանի ներքին կարգապահական կանոններին: Հրահանգումն ու ծանոթացումը կատարվում են համապատասխան մատյանում կատարված անհրաժեշտ գրառման և զենք ստացող անձի ստորագրության նշումով:

4. Հրաձգարանում զենքն ստացած անձը պատասխանատվություն է կրում զենք պահելու և կրելու, այն միայն սույն հոդվածում նշված նպատակային նշանակությամբ օգտագործելու, զենքի և փամփուշտի հետ վարվելու անվտանգության կանոնները պահպանելու համար:

5. Տրված զենքը թույլատրվում է օգտագործել միայն հրաձգարանում՝ հրաձգության հրահանգչի անմիջական ներկայությամբ և վերահսկողությամբ:

6. Սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործվելուց հետո ստացված զենքը և չօգտագործված ռազմամթերքը զենքն ստացած անձի կողմից ենթակա են անհապաղ վերադարձման զենքը տված անձին: Զենքն ու չօգտագործված ռազմամթերքն ընդունած անձն անհրաժեշտ գրանցումներ է կատարում համապատասխան մատյանում դրանք ընդունելու մասին և հաստատում իր ստորագրությամբ: Չօգտագործված ռազմամթերքի համար վճարված գումարը ենթակա է վերադարձման զենքն ստացած անձին:

7. Արգելվում է հրաձգարանին պատկանող զենքը և ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից:

8. Հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար քաղաքացիական ակոսափող կամ ողորկափող հրազեն կարող է տրամադրվել նաև 14 տարին լրացած անձին, որն անձը կարող է օգտագործել հրաձգության հրահանգչի անմիջական ներկայության և վերահսկողության ներքո: Հրաձգարանի տարածքում զենք պահելու և կրելու թույլտվություն ունեցող՝ երեխայի օրինական ներկայացուցիչը կարող է իր պատասխանատվությամբ և հրաձգության հրահանգչի թույլտվությամբ ու անմիջական վերահսկողությամբ անձնական հրազենը և փամփուշտը տրամադրել 14 տարին լրացած երեխային՝ սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործելու համար:

9. Սույն հոդվածի կանոնների պահպանմամբ հրաձգարանում համապատասխան լիցենզիա ունեցող կամ օրինական հիմքով զենք տիրապետող անձինք զենքը կարող են տրամադրել նաև անհատույց օգտագործման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։