Հոդված 5. Ծառայողական զենքը
Հոդված 5. Ծառայողական զենքը
1. Ծառայողական է համարվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողների (ծառայածների) կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կրել, պահել և օգտագործել այդ զենքը ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:
2. Ծառայողական զենք է մինչև 800 ջոուլ փողային էներգիայով կարճ ակոսափող հրազենը, որի փամփուշտները տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից, և իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից:
3. Ծառայողական զենքի փամփուշտի գնդակը չի կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:
4. Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալու ծառայողական զենք՝ Կառավարության սահմանած կարգով:
5. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում սույն օրենքով սահմանված կարգով:
6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենքը տրվում է պահելու և օգտագործելու, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կրելու իրավունքով:
7. Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց ծառայողական զենքը տրվում է պահելու և օգտագործելու իրավունքով:
8. Օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմինների ղեկավար աշխատողների և պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ծառայողական զենք օգտագործելու դեպքում այն տրվում է պահելու և կրելու իրավունքով:
9. Ծառայողական զենքի շրջանառության կարգը սահմանում է Կառավարությունը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.01.24 ՀՕ-34-Ն)