Հոդված 16. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը
Հոդված 16. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը
1. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ արտադրանքի մշակման, արտադրման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, փոխադրման, օգտահանման, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փուլերում:
2. Ստանդարտացման փաստաթղթերը կիրառվում են գործող օրենսդրությունում, նորմատիվ իրավական ակտերում, պայմանագրերում, համաձայնագրերում և կազմակերպությունների փաստաթղթերում:
3. Ազգային ստանդարտների կիրառումը կամավոր է: Ստանդարտի կիրառումը դառնում է պարտադիր`
1) բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, եթե դա նախատեսվում է տեխնիկական կանոնակարգերով.
2) արտադրանք (աշխատանք, ծառայություն) արտադրողի (կատարողի, մատուցողի) համար, եթե կա հղում ստանդարտներին արտադրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերում (սերտիֆիկացում կամ հայտարարագրում) կամ արտադրանքի մակնշվածքում և (կամ) շահագործման փաստաթղթում:
4. Միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտները կիրառվում են միջազգային համագործակցության մասին համաձայնագրերի (պայմանագրերի) կամ Ստանդարտացման ազգային մարմնի և համապատասխան միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների միջև կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) հիման վրա:
5. Ստանդարտը իրավական ակտ չէ: