Հոդված 10. Ստանդարտացման ազգային մարմինը
Հոդված 10. Ստանդարտացման ազգային մարմինը
1. Հայաստանի Հանրապետության Ստանդարտացման ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Ստանդարտացման ազգային մարմինը`
1) ընդունում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.
2) դադարեցնում է ազգային ստանդարտների գործողությունը.
3) հաստատում և հրապարակում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը.
4) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը ազգային ստանդարտների կարգավիճակով` ստանդարտացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան.
5) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և համակարգում դրանց գործունեությունը.
6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կազմակերպություններում.
7) մասնակցում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին.
8) ստեղծում և վարում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.
9) իր ուսումնական կենտրոնի միջոցով իրականացնում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառներում մասնագետների ուսուցում և վերապատրաստում.
10) իրականացնում է ազգային, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների և ուղեցույցների, դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը) և պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար.
11) ապահովում է միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներով ստանդարտացման բնագավառում տեղեկատվության փոխանակումը.
12) մատուցում է տեղեկատվական ծառայություններ.
13) կազմակերպում է ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների, կանոնների, ուղեցույցների, ինչպես նաև ամենամյա կատալոգների և եռամսյակային տեղեկատուների հրապարակումը և տարածումը.
14) կազմակերպում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտների փորձաքննություն.
15) կանոնակարգող մարմնի հանձնարարությամբ նախապատրաստում և հրապարակում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկը.
16) գործում է` ելնելով Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային շահերից.
17) ապահովում է ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային այն կազմակերպությունների կանոնների և պարտավորությունների կատարումը, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը:
(10-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-77-Ն)