Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ստանդարտացում` իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման համար դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելուն ուղղված գործունեություն.
2) ստանդարտ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են գործունեության տարբեր ձևերին կամ դրանց արդյունքներին վերաբերող համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր՝ ուղղված որոշակի բնագավառում լավագույն կարգավորվածության ձեռքբերմանը, որը մշակվում է փոխհամաձայնության հիման վրա և հաստատվում ճանաչված մարմնի կողմից.
3) միջազգային ստանդարտ` ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.
4) տարածաշրջանային ստանդարտ (այդ թվում` եվրոպական և միջպետական)` ստանդարտացման տարածաշրջանային կազմակերպության կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.
5) ազգային ստանդարտ` ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.
6) եվրոպական ստանդարտ` ստանդարտացման եվրոպական կազմակերպության կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.
7) միջպետական ստանդարտ` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.
7.1) կազմակերպության ստանդարտ` իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված ստանդարտ.
8) ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ` փաստաթուղթ, որը բովանդակում է ստանդարտացման աշխատանքների կատարման վերաբերյալ կազմակերպատեխնիկական և (կամ) ընդհանուր տեխնիկական դրույթներ, կարգեր, մեթոդներ, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքների ձևակերպման ուղեցույցներ և կանոններ.
9) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչ` փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները.
10) տեխնիկական պայմաններ` տեխնիկական պահանջները սահմանող փաստաթուղթ, որին պետք է համապատասխանեն որոշակի արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը), ծառայությունը.
11) շահագրգիռ կողմ` ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կամ որևէ կերպ ներգործող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
12) փոխհամաձայնություն` ընդհանուր համաձայնություն, որը բնութագրվում է շահագրգիռ կողմերի մեծամասնության միջև էական հարցերի վերաբերյալ լուրջ առարկությունների բացակայությամբ և ձեռք է բերվում բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելուն ուղղված և ցանկացած վիճարկելի փաստարկների մոտարկման գործընթացի միջոցով: Փոխհամաձայնությունը պարտադիր չէ, որ ենթադրի լրիվ միակարծություն.
13) Ստանդարտացման ազգային մարմին՝ պետության կողմից ճանաչված ստանդարտացման մարմին, որն իրավունք ունի ճանաչվելու որպես համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպության ազգային անդամ.
14) լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.
15) ստանդարտացման ազգային համակարգ` նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և վարման փոխկապակցված կանոններ և դրույթներ.
16) պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման.
17) ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա` ելնելով տնտեսության զարգացման, տնտեսության մեջ միջազգային նորարարական գիտելիքի և փորձի ներդրման անհրաժեշտությունից և առկա կարիքներից: Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաև պետական ամենամյա ծրագիրը և հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:
(2-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-40-Ն)