Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ազդարարն ունի Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել իրավասու մարմին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը և կայացնել համապատասխան որոշում: Նշված որոշումն ուղարկվում է Ոստիկանություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանությունն ապահովելու համար:
Ազդարարին հատուկ պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ որոշումը ենթակա է կատարման իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված կարգով այնքանով, որքանով իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Ազդարարն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից:
3.2. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում՝
1) ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.
2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.
3) ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.
4) իրականացնում է ազդարարի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված միջոցներով և կարգով.
5) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ ազդարարին տեղափոխում է այլ աշխատասենյակ, ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը և այլն:
3.3. Ազդարարը չի կարող ենթարկվել որևիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:»: