Հոդված 1.1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 1.1 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) գեոդեզիա՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
2) գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում գիտատեխնիկական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման և կառավարչական գործունեություն.
3) գեոդեզիական հիմնակետ՝ ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրությունով.
4) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է նրանց համար ընդհանուր հանդիսացող գեոդեզիական կոորդինատային համակարգում.
5) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման, օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթաց.
6) Երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.
7) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերևույթի վրա կամ տարածության մեջ որոշվում է կետի տեղադիրքը.
8) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.
9) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.
10) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.
11) տարածական տվյալներ՝ տարածական օբյեկտների վերաբերյալ տվյալներ, որոնք ներառում են տեղեկություններ դրանց ձևի, տեղադիրքի և հատկությունների մասին և սահմանված տարածաժամանակային կոորդինատային համակարգում ունեն որոշակի տեղադիրք.
12) տարածական օբյեկտ՝ իրական աշխարհի առարկա կամ երևույթ, որը բնութագրվում է Երկրի վրա որոշակի տեղադիրքով.
13) բազային տարածական տվյալներ՝ համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ.
14) թեմատիկ տարածական տվյալներ՝ իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական և այլն).
15) տարածական տվյալների բանկ՝ բազային և (կամ) այլ տարածական և ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների և օբյեկտների վիճակի, երևույթների և գործընթացների մոնիտորինգի, ինչպես նաև հանրապետական և տեղական մակարդակներում սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական և այլ խնդիրների լուծման համար.
16) մետատվյալներ՝ տարածական տվյալներ և ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.
17) քարտեզագրություն՝ տարածական տվյալների, այդ թվում` տեղեկատվական համակարգերի օգտագործման, ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման և ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում բխող հարաբերությունների ոլորտ.
18) քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` քարտեզագրական և գեոդեզիական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու.
19) աշխարհագրական տեղեկատվական համակարգ՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքման, պահպանման, մշակման, վերլուծության, մոդելավորման, կառավարման և տարածման համար.
20) տարածական տվյալների ենթակառուցվածք՝ տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, չափորոշիչների (ստանդարտների), մարդկային ռեսուրսների և դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որն անհրաժեշտ է տարածական տվյալների, մետատվյալների ձեռքբերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման և ծառայությունների մատակարարման համար.
21) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված և իրականացված նորմերի և կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական պլատֆորմի, ստանդարտների, մետատվյալների և դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման և օգտագործման համաձայնության, համակարգման և մոնիտորինգի մեխանիզմների ամբողջություն.
22) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբտեխնոլոգիաների միջոցով:
(1.1-ին հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)