Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունենալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունենալը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կարող են ունենալ`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ,

2) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ` Կառավարության սահմանած կարգով:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրավոր համաձայնությամբ, լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով:

2.1. Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է, իսկ իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումները (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները) իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ:

2.2. Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական և իրավաբանական անձանց` Արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը կամ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույլտվությունը կիրառելի է միայն Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքի կամ վերջինիս հետ համագործակցության շրջանակում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար:

2.3. Արտաքին հետախուզության ծառայության և լիազոր մարմնի՝ ֆիզիկական անձանց` պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության և իրավաբանական անձանց՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրման շրջանակներում համագործակցության կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց նպատակը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ կնքվող պարտավորագրում նախատեսվում են`

1) իրեն վստահված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի պարտավորությունը,

2) իր իրավասությունների շրջանակին վերաբերող պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի իրազեկ լինելու պարտավորությունը,

3) կողմերի իրավունքները և պարտականությունները,

4) պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը,

5) պարտավորագրի գործողության ժամկետը,

6) այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն:

5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան՝ սահմանվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու երեք ձևի թույլտվություն`

1) հատուկ կարևորության տեղեկություններին առնչվելու թույլտվություն,

2) հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն,

3) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն:

6. Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:

7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության կողմից անձանց տրվող թույլտվության, որը տրամադրում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ առանց լիազոր մարմնի համաձայնության:

8. Ռազմական դրության ժամանակ, մարտական գործողություններից բխող անհրաժեշտությամբ պայմանավորված, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման գործընթացն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

(20-րդ հոդվածը լրաց. 05.03.25 ՀՕ-43-Ն)

(05.03.25 ՀՕ-43-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։