Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՌևՏՈՒՐԸ
Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՌևՏՈՒՐԸ
Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտուր իրականացնելու իրավունք ունեն նշված զենքի և ռազմամթերքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են`
ա) ունենալ հիմնադրման և գրանցման համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրությամբ կամ դրանց առևտրով զբաղվելու լիցենզիա.
բ) ունենալ վաճառվող քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների սերտիֆիկատ, ինչպես նաև նշված զենքը պահելու թույլտվություն` տրված ներքին գործերի հանրապետական մարմնի կողմից.
գ) պահանջել գնորդից ներկայացնելու տվյալ զենքի տեսակի ձեռքբերման լիցենզիա, բացառությամբ այն զենքերի, որոնց ձեռքբերման համար լիցենզիա չի պահանջվում, ապահովել ձեռք բերվող և վաճառվող զենքի հաշվառումը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերի պահպանությունը տասը տարի ժամանակով.
դ) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել ներքին գործերի մարմիններ` վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքերի, դրանց փամփուշտների և դրանք ձեռք բերող անձանց մասին` ներքին գործերի հանրապետական մարմնի սահմանած ձևով և կարգով.
ե) գնորդի լիցենզիայում գրանցել վաճառվող գազային ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենը, ազդանշանային զենքը, իսկ որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացու վկայականում` շեղբավոր որսորդական սառը զենքը.
զ) ապահովել զենքի պատշաճ պահպանությունը և այն պահելու անվտանգությունը.
է) կենտրոնացված հաշվառում տանելու նպատակով` հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական և ծառայողական զենքից կրակված գնդակներն ու պարկուճները` ներքին գործերի հանրապետական մարմնի սահմանած կարգով:
Վաճառքի ենթակա չեն սերտիֆիկատ, անհատական համար և դրոշմ չունեցող քաղաքացիական և ծառայողական զենքը, ինչպես նաև պետական ստանդարտին համապատասխանելու մասին համապատասխան նշան չունեցող փամփուշտները:
Արգելվում է`
ա) քաղաքացիական և ծառայողական զենք վաճառել զենք ձեռք բերելու լիցենզիա չունեցող իրավաբանական անձանց, իսկ դրանց փամփուշտները` զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական անձանց.
բ) քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միևնույն վաճառասրահում իրականացնել զենքի և այլ ապրանքների համատեղ վաճառք, բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների և զենքի պահեստամասերի:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր ձեռնարկությունները պարտավոր են նմանօրինակ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա: