Հոդված 9. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌևՏՐԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 9. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌևՏՐԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Զենքի արտադրությունը, առևտուրը, ձեռքբերումը, հավաքածուներ կազմելը կամ դրանք ցուցադրելը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքի արտադրության և ձեռքբերման դեպքերի:
Զենքի արտադրության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ զենքի առևտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաները` ներքին գործերի հանրապետական մարմինը: Զենքի ձեռքբերման լիցենզիա (բացառությամբ ակոսափող, անփող հրազենի, գազային ատրճանակների և թմբուկավոր ռևոլվերի) կարող են տալ նաև ներքին գործերի տարածքային մարմինները (այսուհետ` ներքին գործերի մարմիններ):
Լիցենզիա տալու օրվանից հաշված` զենքի արտադրության, առևտրի, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաների գործողության ժամկետը երեք տարի է, իսկ ձեռք բերելունը` վեց ամիս, բացառությամբ սույն օրենքի 13 հոդվածում նախատեսված դեպքերի:
Լիցենզիա ստանալու մասին դիմումը նշված մարմինները քննարկում են` դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող կամ քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Զենքի արտադրության, առևտրի, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիաների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել 5 տարով, իսկ զենքի ձեռքբերման լիցենզիայի գործողության ժամկետը` վեց ամսով: Նշված լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ: Այն քննարկում են սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմինները` դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում:
Լիցենզիա տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու մերժման հիմքերն են`
ա) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը.
բ) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.
գ) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր:
Լիցենզիա տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նշված մարմինները պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է գանգատարկել դատական կարգով: