Հոդված 5. Օրենսգրքի 450-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենսգրքի 450-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել՝
1) կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով.
2) փոստային եղանակով փաստաթուղթ փոխանակելու միջոցով.
3) էլեկտրոնային եղանակով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Պայմանագիրն էլեկտրոնային եղանակով կարող է կնքվել էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով էլեկտրոնային հաղորդագրություն, փաստաթուղթ կամ տվյալ փոխանակելու միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով՝ պայմանագրի կնքմանն ուղղված հստակ գործողություն իրականացնելով:
3.2. Էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս պետք է՝
1) հնարավոր լինի հաստատել փոխանակվող էլեկտրոնային հաղորդագրության, փաստաթղթի կամ տվյալի իսկությունը և օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կողմերի միջև համաձայնեցված կարգով պատշաճ կերպով ապահովվի պայմանագիր կնքող անձի նույնականացումը (հնարավոր լինի ճշգրիտ որոշել, որ էլեկտրոնային հաղորդագրությունը, փաստաթուղթը կամ տվյալը ելնում է պայմանագրի կողմից և արտահայտում է վերջինիս կամքը), և
2) ապահովվի պայմանագիրը կնքող անձի կողմից տվյալ պայմանագիրը (ներառյալ՝ դրա ընդհանուր պայմանները (հոդված 443)) պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունը։
3.3. Էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, ապա էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:»: