Հոդված 17. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները
Հոդված 17. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն)
1. Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
5. Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբում պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին:
5.1. Քրեակատարողական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
6. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:
7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)
8. Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև պետական պահպանության ծառայության և հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
9. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
Քրեակատարողական ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` քրեակատարողական ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ քրեակատարողական ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին կամ քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:
(17-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-122-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-614-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-308-Ն)