Հոդված 156.3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքներով կայացվող որոշումները
Հոդված 156.3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքներով կայացվող որոշումները
1. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը՝
1) բողոքը բավարարելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերացնելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին.
2) բողոքը բավարարելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերացնելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.
3) բողոքը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու և որոշման պատճառաբանական մասը փոփոխելու մասին՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին.
4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը փոփոխելու և կարգապահական տույժի այլ տեսակ կիրառելու մասին.
5) բողոքը մերժելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին:
2. Բողոքի քննության արդյունքներով կայացված Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
3. Բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման ներածական մասում նշվում են՝
1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը և բողոքը քննող կազմը.
2) Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննության վայրը և ժամանակը.
3) բողոքը ներկայացրած կողմի անունը, ազգանունը և պաշտոնը.
4) մյուս կողմի անունը, ազգանունը և պաշտոնը.
5) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը.
6) որոշումը կայացրած կազմը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը:
4. Բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են՝
1) կայացված որոշման էության համառոտ շարադրանքը.
2) բողոքի հիմքերն ու հիմնավորումները, բողոքարկողի պահանջը, բողոքի պատասխանի առկայության դեպքում՝ պատասխանը ներկայացրած կողմի դիրքորոշումը և հիմնավորումները.
3) կողմերի բացատրությունները և դիրքորոշումը.
4) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են նիստին.
5) այն ապացույցները կամ հանգամանքները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.
6) նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշումն ընդունելիս.
7) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ:
5. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է Բարձրագույն դատական խորհրդի եզրահանգումը:
6. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է դատավորի համար, իսկ որոշումը կազմում և ստորագրում են սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են այդ որոշման օգտին:
7. Բողոքի քննության արդյունքներով դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը կարող է թողնվել անփոփոխ, եթե սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկած և 156.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կազմում կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկած անդամների ընդհանուր թիվը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
8. Բարձրագույն դատական խորհրդի՝ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմվում և դրա եզրափակիչ մասը հրապարակվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո` 15 օրվա ընթացքում:
9. Որոշումը հրապարակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, ուղարկվում է վարույթ հարուցող մարմիններ և դատավորին:
10. Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:»: