Հոդված 42. Համար կամ կոդ զբաղեցնելը
Հոդված 42. Համար կամ կոդ զբաղեցնելը
1. Ցանկացած օպերատոր կամ ծառայություններ մատուցող իրավասու է դիմել Կարգավորողին համար կամ կոդ զբաղեցնելու խնդրանքով: Կարգավորողը սահմանում է համար կամ կոդ զբաղեցնելու համար տրվող՝ դիմումին ներկայացվող պահանջները, որոնք պետք է ներառեն տեղեկություններ՝ հնարավորություն ընձեռելու Կարգավորողին պարզել, թե արդյոք դիմողն ունի նման համարներ կամ կոդեր տիրապետելու կամ օգտագործելու համար անհրաժեշտ որակավորում:
2. Կարգավորողը դիմողին հատկացնում է համար կամ կոդ, բացառությամբ եթե`
1) պահանջվող համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդը զբաղեցված է մեկ այլ անձի համար.
2) պահանջվող համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդը միջազգային համաձայնագրերի շրջանակներում զբաղեցված է այլ նպատակների համար.
3) պլանավորվող օգտագործումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին.
4) դիմողը չի հիմնավորում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման կամ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի հաշվառմամբ Կարգավորողը կայացնում է որոշում՝
1) դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Կարգավորողին ներկայացնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, եթե համարային շարքերը, նույնացման կամ կարճ կոդն օգտագործման մեջ չեն, և եթե դրանց օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում.
2) տասներկու ամսվա ընթացքում, եթե դիմողը չի ներկայացնում բավարար տեղեկություններ, որոնք թույլ կտային Կարգավորողին պարզել, թե արդյոք համարի կամ կոդի տրամադրումը համապատասխանում է սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված պայմաններին:
4. Համար կամ կոդ տրվում է մինչև տասը տարի ժամկետով, բացառությամբ եթե դիմողը պահանջում է ավելի կարճ ժամկետ: Սակայն դրանք չեն կարող տրվել օպերատորի կամ ծառայություններ մատուցողի լիցենզիայի գործողության ժամկետը գերազանցող ժամկետով: Համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվության ժամկետի դադարման դեպքում Կարգավորողը կարող է մերժել լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը միայն սույն հոդվածի յոթերորդ մասի դրույթների հիման վրա:
5. Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվությունը թույլ է տալիս օպերատորին կամ ծառայություն մատուցողին օգտագործել տվյալ համարային շարքը, նույնացման կամ կարճ կոդն էլեկտրոնային հաղորդակցության նպատակների համար, կամ կազմակերպել դրանց օգտագործումը: Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարը կամ կոդը տրամադրել սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարը կամ կոդը փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների:
6. Համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվության մեջ պետք է սահմանվեն առնվազն հետևյալ տեղեկությունները`
1) հատկացված համարային շարքերը, նույնացման կամ կարճ կոդերը.
2) համարային շարքերի, նույնացման կամ կարճ կոդերի օգտագործման պարտադիր պայմանները, խնդիրը, ձևը և նպատակները:
7. Կարգավորողը դադարեցնում է համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվությունը կամ մերժում է թույլտվության գործողության երկարաձգումը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, եթե`
1) լիցենզավորված անձը համարները կամ կոդերը չի օգտագործում թույլտվության պայմաններին կամ Հայաստանի համարագրման պլանին համապատասխան.
2) լիցենզավորված անձը չի սկսել համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործումը թույլտվություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ Կարգավորողը չի ստացել զբաղեցված համարային շարքերի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործման մեկնարկը հավաստող փաստաթղթերը հետագա տասներկու ամիսների ընթացքում: Այս հիմքով թույլտվության դադարեցումը կամ գործողության երկարաձգումը մերժելը չի արգելում լիցենզավորված անձին ներկայացնել համարի կամ կոդի զբաղեցման համար նոր դիմում: