Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արգելվում է հրապարակային միջոցառումների անցկացումը զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա:».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մաս.
«4. Հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել՝
1) կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, վթարային շենքերի տարածքներում ու շինհրապարակներում, եթե կարող է վտանգվել հասարակական անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը.
2) Հանրապետության Նախագահի նստավայրից, «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից, գազի ստորգետնյա պահեստարաններից և դրանց սպասարկման կառույցներից, «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով.
3) եթե դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն.
4) ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում, եթե խախտվում են այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի և օգտագործողի իրավունքները:».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ մաս.
«5. Մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով:»: