Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
օզոնային շերտ` մոլորակի սահմանամերձ շերտից վերև գտնվող մթնոլորտային օզոնի շերտը.
օզոնային շերտը քայքայող նյութեր` քիմիական նյութեր, որոնք ցուցաբերում են կամ ունակ են ցուցաբերելու ոչ բարենպաստ ազդեցություն օզոնային շերտի վրա` մաքուր վիճակում կամ խառնուրդներում, որոնց միավոր զանգվածում օզոն քայքայող մաքուր նյութերի քանակը մեկ տոկոսից ավելի է.
կողմ հանդիսացող երկիր` երկիր, որը վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.
կողմ չհանդիսացող երկիր` երկիր, որը չի վավերացրել «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.
ընդհանուր չափաքանակ (քվոտա)` օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր քանակությունը՝ ըստ տարիների.
անհատական չափաքանակ (քվոտա)` յուրաքանչյուր ներմուծողին օզոնային շերտը քայքայող նյութերի (նյութի) ներմուծման թույլատրվող քանակություն ամեն տարվա համար.
առաքման թույլտվություն` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող հայտատուին տրամադրվող փաստաթուղթ, որով թույլատրվում է այդ նյութերի ներմուծումը կամ արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը, եթե նման գործարքը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին.
հայտատու` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու նպատակով առաքման թույլտվություն ստանալու մասին լիազոր պետական մարմին հայտ ներկայացրած իրավաբանական ու ֆիզիկական անձինք.
հայտ` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու մասին դիմում, որը ներառում է ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման երկրների անվանումները և տվյալներ հայտատուի և նրա կողմից ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի անվանումների, քանակների, գործարքի իրականացման ժամկետների մասին: