Հոդված 4
Հոդված 4
1. Տեղեկությունները և այլ տեղեկատվությունը, որոնց մասով իրականացվում է անդրսահմանային փոխանակում, ներառում են՝
1) վարկային հաշվետվություն տրամադրելու վերաբերյալ հարցումը.
2) վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը կամ այդ համաձայնության առկայության մասին տեղեկատվությունն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի լիազորված կազմակերպություն է ուղարկվում վարկային հաշվետվություն տրամադրելու վերաբերյալ հարցումը.
3) վարկային հաշվետվությունը.
4) վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների վիճարկմանն առնչվող փաստաթղթերը։
2. Վարկային պատմության օգտատերերի ցանկը ձևավորվում է լիազորված մարմինների առաջարկների հիման վրա և հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։
3. Սույն համաձայնագրի իրագործման նպատակով վարկային հաշվետվությունը տրամադրվում է վարկային պատմության օգտատիրոջ հարցման հիման վրա և ներառում է, այդ թվում, վարկային պատմության սուբյեկտի նույնականացման տվյալները և նրա պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները։
4. Մեկ անդամ պետության վարկային պատմության սուբյեկտի՝ մյուս անդամ պետության վարկային պատմության օգտատիրոջը դիմելու դեպքում նշված օգտատերն իրավունք ունի ստանալու վարկային պատմության սուբյեկտի վերաբերյալ վարկային հաշվետվություն՝ վարկային պատմության սուբյեկտի համաձայնության առկայության պայմանով։
5. Վարկային պատմության օգտատերն իր անդամ պետության լիազորված կազմակերպության (այսուհետ՝ հարցում կատարող լիազորված կազմակերպություն) հասցեով ուղարկում է վարկային պատմության սուբյեկտի մասին վարկային հաշվետվություն տրամադրելու վերաբերյալ հարցում (այսուհետ՝ հարցում)։
6. Հարցում կատարող լիազորված կազմակերպությունը հարցում է ուղարկում մյուս անդամ պետության լիազորված կազմակերպության (այսուհետ՝ հարցում ստացող լիազորված կազմակերպություն) հասցեով։ Հարցումը պետք է պարունակի վարկային պատմության սուբյեկտի նույնականացման տվյալները, վարկային պատմության սուբյեկտի համաձայնության առկայության, վարկային պատմության սուբյեկտի համաձայնության ձևակերպման ամսաթվի և հարցման նպատակի մասին տեղեկատվություն։ Որպես հարցման նպատակ նշվում է վարկային հարաբերությունների ձևակերպման վերաբերյալ դիմումի ուսումնասիրությունը կամ ձևակերպված վարկային հարաբերությունների դիտանցումը։
7. Հարցում ստացող լիազորված կազմակերպությունը վարկային հաշվետվությունը կամ վարկային պատմության բացակայության մասին ծանուցումն ուղարկում է հարցում կատարող լիազորված կազմակերպության հասցեով՝ հարցումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
8. Հարցում ստացող լիազորված կազմակերպությունը մերժում է հարցման կատարումն այն դեպքում, երբ այն կազմված է սույն համաձայնագրի դրույթների խախտմամբ։
9. Այն դեպքում, երբ հարցման կատարումը հնարավոր չէ, հարցում ստացող լիազորված կազմակերպությունն այդ մասին ծանուցում է հարցում կատարող լիազորված կազմակերպությանը (նշելով պատճառները)՝ հարցումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
10. Վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունները վիճարկելիս վարկային պատմության սուբյեկտն իրավունք ունի դիմում ներկայացնելու հարցում կատարող լիազորված կազմակերպություն կամ հարցում ստացող լիազորված կազմակերպություն։
Վարկային պատմության սուբյեկտի կողմից հարցում կատարող լիազորված կազմակերպությանը դիմելու դեպքում վերջինս վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունները վիճարկելու վերաբերյալ դիմումը ուղարկում է հարցում ստացող լիազորված կազմակերպության հասցեով՝ դիմումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Այդպիսի վիճարկման կարգը սահմանվում է հարցում ստացող լիազորված կազմակերպության անդամ պետության օրենսդրությամբ։
11. Վարկային պատմության օգտատիրոջ կողմից վարկային հարաբերությունների ձևակերպման մասին պայմանագրի կնքումը մերժվելու դեպքում վարկային պատմության օգտատերը վարկային պատմության սուբյեկտի պահանջով նրան հնարավորություն է ընձեռում ծանոթանալու համապատասխան վարկային այն հաշվետվության բովանդակությանը, որը ստացվել է անդրսահմանային փոխանակման շրջանակներում (այդպիսի հաշվետվության առկայության դեպքում)։