Հոդված 5
Հոդված 5
1. Վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը կարող է ձւակերպվել այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ այն տրվել է։ Հարցում ստացող լիազորված կազմակերպությունն իրավունք ունի պահանջելու վարկային պատմության սուբյեկտի համաձայնության հաստատված ռուսերեն թարգմանության ներկայացում։
2. Վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը պետք է պարունակի վարկային պատմության օգտատիրոջ և վարկային պատմության սուբյեկտի նույնականացման տվյալները, տրման նպատակը (վարկային հարաբերությունների ձևակերպում և (կամ) դրանց դիտանցում), ձևակերպման ամսաթիվը և վարկային պատմության սուբյեկտի ստորագրությունը։
3. Վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը ձևակերպվում է գրավոր կամ այլ եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ) ստորագրված (հաստատված) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, հաշվի առնելով վարկային պատմության տվյալ սուբյեկտի նույնականացման ապահովման անհրաժեշտությունը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Համաձայնությունը պետք է ստորագրված լինի վարկային պատմության սուբյեկտի կողմից անձամբ կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ սեփական ստորագրությանը հավասարեցված այլ եղանակով։
4. Վարկային պատմության սուբյեկտի՝ անդրսահմանային փոխանակման շրջանակներում ստացված համաձայնությունը վավեր է դրա տրման օրվանից 6 ամսվա ընթացքում։ Այն դեպքում, երբ նշված ժամկետի ընթացքում կնքվել է վարկային հարաբերությունների ձևակերպման մասին պայմանագիր, վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը վավեր է նշված պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում։
5. Վարկային պատմության սուբյեկտի համաձայնության բնօրինակը պահվում է վարկային պատմության օգտատիրոջ մոտ՝ այդ համաձայնության գործողության ժամկետն ավարտվելու օրվանից հետո առնվազն 3 տարի։
6. Անդրսահմանային փոխանակման շրջանակներում հարցում ստացող լիազորված կազմակերպությունն իրավունք ունի վարկային պատմության սուբյեկտի համաձայնության պահպանման ժամկետի ընթացքում հարցում կատարող լիազորված կազմակերպությունից պահանջելու վարկային պատմության սուբյեկտի համաձայնությունը կամ այդ համաձայնության առկայության մասին տեղեկատվություն՝ հարցում ստացող լիազորված կազմակերպության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։