Հոդված 16. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
Հոդված 16. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
Տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`
ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.
բ) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունն ու պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:
Սույն օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են սահմանված կարգով:
Գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը:
Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական գաղտնիք կազմող՝ Արտաքին հետախուզության ծառայությանը և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն գաղտնազերծման նույնիսկ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման առավելագույն թույլատրելի ժամկետը լրանալու դեպքում։
(16-րդ հոդվածը լրաց. 20.03.02 ՀՕ-318, 23.12.22 ՀՕ-609-Ն)