Հոդված 17. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 17. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից փոխանցվել այլ շահագրգիռ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են այդ տեղեկությունները:
Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները մինչև պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը պարտավոր են համոզվել, որ դրանք ընդունող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գաղտնիության համապատասխան աստիճանի տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու, իսկ ֆիզիկական անձինք` դրանց իրազեկ լինելու համապատասխան իրավունք ունեն:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրենց գործառնությունները, սեփականության ձևը փոխելու, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու կամ վերացնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի տեղեկակիրները սահմանված կարգով վերացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`
ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության իրավահաջորդին, եթե վերջինս նշված տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու լիազորություններ ունի.
բ) պետական այն մարմնին, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են դրանց համապատասխանող տեղեկությունները.
գ) պետական այլ մարմնին, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Պետական գաղտնիք կազմող տեղեկությունները, միջազգային պայմանագրերի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են փոխանցվել այլ պետությունների: Նշված որոշումը կարող է ընդունվել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման նպատակահարմարության մասին փորձագիտական դրական եզրակացության առկայության դեպքում:
Այլ պետությունների ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանցվում են պետական մարմինների կողմից ինքնուրույն` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում: